Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել Ռազմական ոստիկանությանը


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

Ինչպես Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, ինչից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ՝ պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Նախարարը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավորապես կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ, մասնավորապես շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում այս տարվա առաջին մեկուկես ամսվա ընթացքում մահվան 13 դեպքերի հետ կապված, երկու օր անց պաշտոնանկ արվեցին Ռազմական ոստիկանության պետը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։

XS
SM
MD
LG