Մատչելիության հղումներ

Բնապահպանները պնդում են՝ այս ոլորտում կոռուպցիոն լուրջ բացահայտումներ չկան


Բնապահպան Լևոն Գալստյան, 20 փետրվարի, 2020թ.
Բնապահպան Լևոն Գալստյան, 20 փետրվարի, 2020թ.

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցի կողմից հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու համար կաշառք ստանալու դեպք։

Ըստ ԱԱԾ-ի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի» փորձագետը հանքի շահագործման դրական եզրակացություն տալու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու, իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու համար 2019-ի սեպտեմբերից մինչ այս ամիս առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 3 միլիոն դրամի կաշառք է ստացել։

ԱԱԾ հրապարակած տեսանյութի համաձայն՝ փորձագետը 2 օր առաջ կաշառքի հերթական գումարը ստանալիս կաշառք տվող անձի հետ բռնվել և բերման է ենթարկվել։ Փորձագետի և կաշառք տվողի անունը, ինչպես նաև հանքի վայրը չեն հաղորդվում։

Բնապահպան Լևոն Գալստյանն ասում է՝ տարիներ շարունակ բարձրաձայնել են՝ բնապահպանության ոլորտը կոռումպացված է եղել, և դրա մասին գիտեն բոլորը. - «Հեղափոխությունից հետո փոխվեց համակարգի վերևի մասի մտածողությունը, բայց համակարգի ներսում աշխատում են մարդիկ, որոնք 10-20 և ավելի տարի եղել են այդ կոռուպցիոն համակարգի մաս: Հիմա ստացվում է, որ հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան, այսպես ասած, վերացվել է, բայց խորքային կոռուպցիան վերացնելը շատ բարդ է, որովհետև մարդու ձեռքը սովոր է, ինքը տարիներ շարունակ սովորել է դրան», - նկատեց նա:

Գալստյանը կասկածում է, որ փորձագետն այս ամենն արել է առանց ավելի բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյաների իմացության. - «Եվ էլի կրկնեմ՝ սա միակ դեպքը չի, դրա համար պետք է բացահայտել նախորդ բոլոր դեպքերը բոլոր հանգամանքներով իրենց, բոլոր տեսակի կոռուպցիոն մեխանիզմների և դրսևորումների: Եթե խոսքը կոնկրետ վերաբերում է բնապահպանության ոլորտին, մենք, ըստ էության, ոչ մի բացահայտում որպես այդպիսին չենք տեսել հեղափոխությունից հետո: Ինչ-որ շատ մանր-մունր բաներ եղել են, բայց դրանք, չեմ ուզում ասեմ ծիծաղելի, բայց իրականում ծիծաղելի են»:

Բնապահպանի պնդմամբ՝ ինչն էլ բացահայտվում է, արվում է մեծամասամբ քաղաքացիների դիմումների արդյունքում։ Գալստյանի կարծիքով՝ իրավապահները մեծ հաշվով ինքնուրույն քայլեր անելու ցանկություն չունեն։

Բնապահպան Արթուր Գրիգորյան, արխիվ
Բնապահպան Արթուր Գրիգորյան, արխիվ

Բնապահպանության և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից շաբաթներ առաջ ազատված բնապահպան Արթուր Գրիգորյանը համաձայն է Լևոն Գալստյանի հետ` բնապահպանության ոլորտում որևէ լուրջ բացահայտում չկա:

«Չէի ուզի, որ հիմա մարդիկ կենտրոնանան հենց այս դեպքի վրա, որ մի փորձագետ Բնապահպանության նախարարության ահա տեսեք՝ կոռուպցիայի դեպք է բացահայտվել: Եվ ամենավատ բանը կլինի այն, որ սա փորձեն մատուցել որպես պայքար բնապահպանության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ, որովհետև դա այդպես չէ», - նկատեց նա:

Գրիգորյանի պնդմամբ՝ փորձաքննությունների ու եզրակացության տրամադրման հիմքում կոռուպցիան է. - «Ամուլսարի, Քաջարանի նման նախագծերը փորձաքննության է ենթարկել մեկ փորձագետ, հենց այդ նույն փորձագետի նման մի փորձագետ: Մեխանիզմն այ սրանով արդեն կոռուպցիոն է, ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն կարծիքի համար, որը դրված է փորձաքննության հիմքում, մի փորձագետն օբյեկտիվորեն չի կարող փորձաքննության ենթարկել այդպիսի հսկայական նախագծեր»:

Նախկին պաշտոնյան շեշտում է՝ թույտվություններ տալու համար ամեն դեպքում նախարարի հաստատումն է պետք:

«Եթե ենթադրենք՝ այդ փորձագետը տվեց ինչ-որ դրական եզրակացություն ինչ-որ կոռուպցիոն ճանապարհով, բայց չէ՞ որ հետո գնալու է, հասնի նախարարին, նախարարը կարող է չհաստատել: Եթե այդ մարդիկ գումար են տրամադրում, նշանակում է՝ կա օբյեկտիվ կասկած, որ գործում է շղթա», - հավելեց Արթուր Գրիգորյանը:

Բնապահպանության ոլորտում ամենաաղմկահարույց կաշառքի դեպքը վերաբերում է բնապահպանության նախկին նախարար, հանրապետական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, ով արդեն մեկ տարի է՝ հետախուզվում է: Ըստ մեղադրանքի՝ գործարար Սիլվա Համբարձումյանին թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության լիցենզիա տրամադրելու, հետագայում դրանց ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն տալու համար նախկին բարձրաստիճան պաշտոնյան պահանջել և ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

XS
SM
MD
LG