Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը մեղադրվում է խարդախությամբ 14 կանանցից 30 մլն դրամ հափշտակելու համար


«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքը, արխիվ

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 միլիոն դրամ, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերով քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է։

Հաղորդագրության համաձայն, մասնավորապես, պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, «տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու և հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել, իսկ որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց»:

«Իր մտադրությունն իրագործելու համար նրանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել «Ֆեյսբուք» և «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերի միջոցով, որի ժամանակ ներկայացել է իբրև պետական պաշտոնատար անձ և վստահելի անձնավորության տպավորություն թողնելու նպատակով՝ ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու կեղծ խոստումներ տալով, բնակարանի ձեռքբերման շինծու պատրվակով, չարաշահելով թվով 14 կանանց վստահությունը՝ 2017-2019 թթ. ընթացքում կատարել է 18 դրվագ ուրիշի գույքի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ գումար», - հաղորդում է Քննչական կոմիտեն։ - «Այնուհետև, որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին, ծանոթներին ու մտերիմներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում և տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները: Արդյունքում՝ հաշիվներին փոխանցված գումարները զանազան բանկային գործարքների կատարման, այն է՝ գումարը հաշվից հաշիվ փոխանցելու, ապա՝ կանխիկացնելու եղանակով հափշտակել է»:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացում) և 176-րդ(կողոպուտ) հոդվածների հատկանիշներով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG