Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը՝ փետրվարի 25-ին


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է առաջիկա երեքշաբթի` փետրվարի 25-ին: Ըստ «Դատալեքս» համակարգի՝ նիստը կկայանա Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Սարգսյանը առաջին դատական նիստին ներկայանալու է: Իրենց հետագա գործողությունների մասին հարցերին չպատասխանեց, միայն պնդեց՝ մեղադրանքն ապօրինի է։

«Քրեական գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, շատ ցցուն է, փորձում ենք ապացույցներ գտնել, որ ընդհանրապես այստեղ հանցագործություն է տեղի ունեցել, հլը չասենք, որ որևէ անձ առնչություն ունի, չկա այդպիսի հանցագործություն, դեպքի առթիվ ապացույցներ», - ասաց Մակինյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ մեղադրանքում ասվում է, որ հենց պարոն Սարգսյանն է կազմակերպել այդ ամբողջ գործընթացը, Մակինյանն արձագանքեց. «Ես կխնդրեմ դատարան գաք և տեսնեք, թե ընդհանրապես ինչ է տեղի ունեցել»։

Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:

Սերժ Սարգսյանի փաստաբանն ասում է՝ մեղադրանքը մեկ անձի ցուցմունքի հիման վրա է կառուցվել․ «Կա մի ցուցմունք, մի անձի ցուցմունք, ով նույն հարցի վերաբերյալ, իրեն տրված հարցադրումների հետ կապված տրամագծորեն հակառակ պատասխաններ է տվել»։

«Ազատության» հարցին՝ խոսքը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասի՞ն է, Մակինյանը պատասխանեց. «Ես չասեմ՝ ում մասին է խոսքը»։

Մամուլը ավելի վաղ գրել էր, որ նախկին գյուղնախարար, նույն գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանն է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել: Կարապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ասաց՝ որոշում ունեն մինչև դատական նիստը ոչ մի հարցի չպատասխանել, միայն հաստատեց՝ նախկին գյուղնախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Գործով մեկ այլ մեղադրյալ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանն էլ նախատեսում է առաջին իսկ դատական նիստին միջնորդություն ներկայացնել իր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Գալստյանի գործողությունները, էդ հանցակազմը, այդպես ասենք, կայացել է նրանում, որ նախարարի բանավոր հանձնարարությունը ինքը փոխանցել է վարչության պետին, ընդ որում՝ նույն վարչության պետին նախարարը նույն հրահանգը նույնպես արդեն տվել էր։ Էությունը հետևյալն է՝ «վարչության պետին ասա թող «Ֆլեշ» ՍՊԸ-ին նախագծում ներկայացնեն որպես ծրագրի մատակարար», էդքան բան», - ասաց Քոսյանը։

Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին: Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչները տեղի ունեցողը որակում են քաղաքական հետապնդում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձում է՝ այստեղ քաղաքական հետապնդման որևէ տարր չկա: Հակառակը՝ իր զարմանքն է հայտնում, որ հեղափոխությունից 1,5 տարի անց Սերժ Սարգսյանին առաջադրված միակ մեղադրանքը դիզվառելիքի գործով կես միլիարդ դրամի հափշտակությանն է վերաբերում։

«Ի՞նչ խնդիր կա, ասենք թե, Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում էր ընտրությունների ժամանակ 1,5 տոկոս անգամ չհավաքած կուսակցության ղեկավարին, որ ընդհանրապես այդ կուսակցության կառավարմանը և հենց անձամբ իր նկատմամբ հանրային խորը անվստահություն կա, և որևէ խնդիր իրենք չեն էլ կարող ստեղծել, որ շատ ուզենան։ Իշխանությունը պարտավորություն է վերցրել այդ պետությունը զավթած, բռնազավթած ռեժիմի ներկայացուցիչների կողմից կատարված շարունակական և անպատիժ մնացած հանցագործությունները բացահայտելու, իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այնպես որ քրեական հետապնդումները որպես քաղաքական հետապնդում որակելու այդ ջանքերն ընդհանրապես հանդիսանում են քրեական պատասխանատվությունից խուսափելու շատ խղճուկ և թույլ քայլեր», - նշեց Սաքունցը։

XS
SM
MD
LG