Մատչելիության հղումներ

Փոխվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը. քաղաքապետարանից փաստեր են ուղարկվել Ոստիկանություն


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Հեղափոխությունից հետո Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Գևորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ 28-ամյա Բաբայանի՝ իր հրաժարականը կոնկրետ դեպքով պայմանավորված չէր։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ խնդիրը աշխատանքի արդյունավետությունն էր։

«Լինում են տեղեր կամ ոլորտներ, որտեղ աշխատանքների տեմպը, արդյունավետությունը, վեկտորը չի գոհացնում, լինում են, որ գոհացնում է։ Լինում են, որ էդ դժգոհությունները փոխակերպվում են ինչ-որ նորանոր հրահանգների, լինում են, որ դրանք արտահայտվում են պաշտոնից հրաժարումների ձևով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Կարապետյանը։

Լրատվամիջոցները գրեցին, որ Բաբայանը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար։ Ըստ հրապարակումների՝ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության: Խախտումները բացահայտել և դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել թաղապետարանի տեսուչը, սակայն Բաբայանը վերացրել է արձանագրությունն ու տեսուչին ազատել աշխատանքից։ Արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ ուղարկվել է Ոստիկանություն:

«Նշված դեպքով քաղաքապետարանից փաստեր են ուղարկվել Ոստիկանություն՝ դրանց իսկությունը ստուգելու և հետագա գործողությունների համար։ Ոստիկանությունից պաշտոնապես տեղեկություն ունենք, որ նյութեր են նախապատրաստվում, կարծում եմ՝ արդեն մնացած հարցերին կպատասխանեն իրավապահները», - ասաց քաղաքապետարանի խոսնակը։

Հրաժարականի մասին որոշումը Բաբայանն ընդունել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքում։ «Ազատության» հետ զրույցում արդեն նախկին թաղապետն ասաց՝ երկուսով եկել են այն եզրահանգման, որ ճիշտն իր հրաժարականն է։ «Աշխատանքային մթնոլորտ ա տիրել, որոշ հարցերում համամիտ ենք եղել միասին, որոշ հարցերում՝ չէ, որոշ հարցերում քաղաքապետը գոհունակություն ա հայտնել, որոշ հարցերում գոհունակություն չի հայտնել՝ իր խորհուրդն ա տվել», - նշեց Գևորգ Բաբայանը։

Ինչ վերաբերում է իր մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկություններին, նա վստահեցնում է՝ շատ ուրախ կլինի, որ քրեական գործ հարուցվի ու պարզվի՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պարզապես սուտ մատնություն է եղել։ Բաբայանի պնդմամբ, տեսուչն աշխատանքից ազատվել է մի քանի օր հետո՝ ոչ թե արձանագրություն կազմելու, այլ՝ քաղաքապետարանի օպտիմալացման շրջանակում։

Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի ավագանու ընտրություններից հետո, 2016-ից ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մինչ այդ Ռուսաստանում ու Հայաստանում տպագրության ոլորտում է աշխատել։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նախկին թաղապետին բնութագրեց որպես թիմի լավ անդամ։ «Կոնֆլիկտ, տարհամաձայնություն, և այլն՝ էդպիսի ինչ-որ բաներ չկան, հա՞, էսպես ասած՝ տհաճ խոսակցություններ չկան, նորմալ աշխատանքային գործընթաց է։ Իսկ, չգիտեմ, իրավապահների հետ հնարավոր առնչակցության հարցերը ժամանակը ցույց կտա, և մենք էդ տեղեկությունները կիմանանք իրավապահներից», - նշեց Հակոբ Կարապետյանը։

Արդեն երեկ Գևորգ Բաբայանի փոխարեն Աջափնյակի թաղապետի պաշտոնում նշանակվեց Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG