Մատչելիության հղումներ

ՊՆ աշխատակից ներկայացող Մովսեսյանը մեղադրում է փոխնախարարին կեղծիքներ կատարելու մեջ


Պաշտպանության նախարարության աշխատակից ներկայացող Աշոտ Մովսեսյանը, 18-ը փետրվարի, 2020թ.

Պաշտպանության նախարարության աշխատակից ներկայացող Աշոտ Մովսեսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը, պնդելով՝ արդեն 1 տարի է ինչ փաստեր է ներկայացրել, թե ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը, թափուր տեղերից մեկի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ, փաստաթղթեր է կեղծել ու նախարարին ներկայացրել իր թեկնածուին, որն էլ նշանակվել է այդ պաշտոնին։

«Փաստաթղթի մեջ գրած է, որ, օրինակ, հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ ամփոփում քվեաթերթիկները, սակայն իրականում տենց բան չի եղել, ինչին որ ես վկա եմ եղել, ես այդ մրցույթներին մասնակցել եմ, գիտեմ և տեսել եմ, որ չի եղել տենց բան։ Կոնկրետ Ղամբարյանը հանդիսանալով մրցույթի հանձնաժողովի նախագահ ու պարտականություն կրելով էդ մրցույթի ընթացքում օրենքի տառը պահպանելու, ինքը չի պահպանել։ Տեսնելով, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներառում փաստաթուղթը, որը հիմք է այդ պաշտոնը նշանակելու համար, ինքը ստորագրել է», - ասաց Մովսեսյանը։

Քննչական կոմիտեի ու դատախազության ներկայացուցիչները դատարանում ասացին՝ քրգործ չի հարուցվել, որովհետև բավարար հիմքեր չկան։

Դատարան դիմած Մովսեսյանն ասում է՝ իր ներկայացրած ապացույցներից մեկով վարչական դատարանը ճանաչել է, որ մրցույթը խախտումով է անցկացվել։ Մովսեսյանի խոսքով՝ նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն այդպիսի մի քանի պաշտոնյաների է նշանակել, կարծում է, որ ՊՆ-ում մրցույթները հիմնականում ձևական բնույթ են կրում ու դա տարածված երևույթ է։

«Կոնկրետ կապի և շինարարության վարչության պետի համար անցկացվող մրցույթին հիմիկվա պետը մեկ էլ ես ենք մասնակցել, երկուսս էլ հաղթող ենք ճանաչվել այդ մրցույթում, սակայն արդյունքում իմ բալլերը ցածր գնահատելու պատճառով, մյուս մասնակցի բալլերը բարձր գնահատելով հիմքեր են ստեղծվել, որ ավելի լավ է իրեն նշանակեն ու պարոն Ղամբարյանը պաշտպանության նախարարին առաջարկել է, որ կոնկրետ անձը պաշտոնի նշանակվի։ Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ էդ մրցույթը կոնկրետ անց է կացվել լրիվ ձևական», - նշեց նա։

Աշոտ Մովսեսյանը մտավախություն ունի, որ դատարան դիմելուց հետո իր աշխատանքը կկորցնի, ասաց՝ փորձեր եղել են նկատողությունների տեսքով։ Մովսեսյանը շարունակեց՝ 11 մրցույթի է դիմել, որոնցից շուրջ 5-ով անցել է, պնդում է՝ բոլորը խախտումներով են իրականացվել, ապացույցներ ունի, դիմել է դատարան նաև այս 11 մրցույթների գործով։ Դատական նիստից հետո Մովսեսյանն ասաց՝ 10 տարուց ավելի, որպես քաղծառայող աշխատում է ՊՆ-ում, չի լռելու, պայքարելու է, որ այս ոլորտում էլ հեղափոխություն լինի։

«Մենք չպետք է հանդուրժենք կոռուպցիան Պաշտպանության նախարարության ներսում, աչք փակենք դրա վրա, որովհետև մենք տեսնում ենք ինչ են լինում դրա հետևանքները, մենք ձեն չենք հանում էդ մասին, ասում ենք՝ սուս մնանք, ձեն չհանենք, հետո փաստի առաջ ենք կանգնում։ Ես որպես իրավաբան հույս ունեմ՝ արդարադատությունը Հայաստանում հիմիկվանից արդեն սկսելու է աշխատել», - ընդգծեց Մովսեսյանը։

Հեղափոխությունից հետո ՊՆ նախարարի տեղակալ նշանակված Մակար Ղամբարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հստակ չի մտաբերում Աշոտ Մովսեսյանին, թեև վերջինս «Ազատությանն» ասաց, որ նախարարության աշխատակազմի վարչատնտեսական վարչության առաջատար մասնագետ է։ Նախարարի տեղակալը մի քանի դրվագներ աղոտ հիշեց, իրեն ուղղված մեղադրանքներն անհեթեթություն որակեց, ասաց՝ չի հիշում, որ 2018-ին ինքը եղել է կապի և շինարարության վարչության պետի մրցույթի հանձնաժողովի նախագահ։

«Կա կամ կար, վստահ չեմ, մեր նախարարությունում մի աշխատակից, միջակ ունակությունների տեր անձնավորություն էր՝ ինչ-որ կոնկրետ ուղղությամբ, և այս անձնավորությունը պարբերաբար դիմում էր տարբեր նեղ մասնագիտություններ պահանջող պաշտոնների համար հայտարարված մրցույթներում։ Եթե մենք խոսում ենք նույն մարդու մասին, ապա ես չեմ հիշում, որ կապի և շինարարության վարչության պետի մրցույթին եղած լինեմ մրցույթի հանձնաժողովի նախագահ, անգամ եթե եղել եմ, ես վստահեցնում եմ՝ առնվազն մեկ անգամ այն մրցույթից, որից հիշում եմ, որին մասնակցել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը եղել է, այդ մրցույթին, ինքը չի փայլել, ավելին, եթե ճիշտ եմ հիշում, այդ մրցույթի միայն թեստավորման փուլն է հաղթահարել։ Վստահեցնում եմ՝ եթե կապշին վարչության մրցույթին ինքը մասնակցել է և՛ թեստավորման, և՛ բանավոր փուլը ինքը հաղթահարել է, ինքը չի նշանակվել, դա միայն մեկ բացատրություն ունի, որ էականորեն զիջել է այլ մասնակցի, իսկ օրենսդրությունն ընդհանրապես հաղթահարելուց հետո որոշման կայացումը թողել է նախարարի հայեցողությանը», - ասաց Ղամբարյանը։

Դատական նիստին այսօր Պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ չկար։

Արդյո՞ք դատարանը կպարտավորեցնի Քննչական կոմիտեին ու դատախազությանը քրեական գործ հարուցել Մովսեսյանի բողոքների հիման վրա, դատավորն ասաց, որ ծանրաբեռնվածության պատճառով որոշումը կհրապարակվի մարտին, երբ դատարանն անցնի խորհրդակցական սենյակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG