Մատչելիության հղումներ

Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանն առերեսվել են


Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյան, 18-ը փետրվարի, 2020թ.

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով հափշտակության դրդելու մեջ մեղադրվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն առերեսվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ, այսօր լրագրողներին տեղեկացրեց հայտնի գործարարի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։

Հայաստանի պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։

Հարցին, թե պնդե՞լ է Սերգո Կարապետյանն իր ցուցմունքը, Նիկոլայ Հակոբյանը պատասխանեց. «Սերգո Կարապետյանը պնդել է, Բարսեղ Բեգլարյանը՝ հերքել»։

Իսկ թե ի՞նչ է հայտնել Սերգո Կարապետյանը, պաշտպանը պատասխանեց. «Բացի այն, ինչ որ մամուլից հայտնի է, ավելացնելու բան չունեմ»։

Նախորդ ամսվա վերջին դատախազությունը հաստատել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

Ըստ ՀՔԾ-ի՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։

Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գործարար Բարսեղ Բեգլարյանն այսօր չպատասխանեց լրագրողների հարցերին։

Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանի պնդմամբ՝ «Ֆլեշ» ընկերության նախագահին առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Դիրքորոշումս միանշանակ է, իմ համոզմամբ, դա անհիմն մեղադրանք է, այդտեղ վատնում, նույն ինքը հափշտակություն, իմ համոզմամբ, գոյություն չունի»։

Հարցին էլ, թե ինչո՞ւ է այդպիսին իր դիրքորոշումը, պաշտպանը պատասխանեց. «Դատարանում արդեն գործի քննության ընթացքում մեր դիրքորոշումները ավելի մանրամասն կներկայացնենք»։

«Ազատության» հարցին՝ Բեգլարյանի դեմ ցուցմունք տված անձ կա՞, Նիկոլ Հակոբյանն արձագանքեց. «Դեմ կամ կողմ այստեղ այդ բնորոշումները, գնահատականները մի քիչ դժվար է անել, ամեն դեպքում որոշակի ցուցմունքներ կա, որի վրա մեղադրական կողմը հենվում է, բայց դրանք անհիմն են։ Բացի դա նաև որակումն է սխալ, ըստ մեր համոզման»։

Իսկ թե միայն Սերգո Կարապետյանի՞ ցուցմունքն է, թե՞ այլ ցուցմունքներ էլ կան, փաստաբանը պատասխանեց. «Բացառապես»։

Գործարար Բարսեղ Բեգլարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև մեկ այլ քրեական գործով․ նա մեղադրվում է բռնության կամ սպառնալիքի գործադրմամբ ինքնիրավչություն կատարելու մեջ:

XS
SM
MD
LG