Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանում մեծարեցին Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր ըմբիշներին


Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և գյումրեցի մեկ այլ ըմբշամարտիկ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը այս տարի կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Օրերս Հռոմից վերադարձած մարզիկներին այսօր ընդունեցին Գյումրիի քաղաքապետարանում։

Արթուր Ալեքսանյանը պատմեց, որ Եվրոպայի առաջնությունում փորձել է զգույշ լինել, քանի որ նոր էր ապաքինվել կողերի վնասվածքից. - «Մտավախություն կար, որ նորից վնասվածքս չկրկնվի Օլիմպիական խաղերից առաջ: Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում։ Իմ հիմնական մրցակիցների հետ եմ գոտեմարտել։ Մի քանի օրից կսկսենք պատրաստվել Օլիմպիական խաղերին»։

Կարապետ Չալյանն ասաց, որ հաճախ շտապում է մրցագորգի վրա, և դա է խանգարում ոսկե մեդալ նվաճելուն. - «Երևի շատ է հաղթելու ցանկությունը, դրա համար էլ միշտ պարտվում եմ։ Մյուս անգամ կսկսեմ չշտապել, որպեսզի դառնամ հաղթող»։

Մարզիկներին ընդունած Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կատակեց՝ մեդալներից բացի նաև տղաներին ամուսնացնել է ուզում. - «Օլիմպիադայից հետո էրկուսիդ էլ ամուսնացնելու եմ»։

Արթուր Ալեքսանյանի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ընդգծում է, որ նույն մարզադպրոցից 2 վարկանիշային մարզիկ ունենալը և օլիմպիադային մասնակցելը դպրոցին լրացուցիչ վարկանիշ է բերում. - «Եթե բուհերը իրենց գիտելիքներով են ցույց տալիս, մերն էլ մեդալներով է։ Այս մեդալները մարզադպրոցի վարկանիշն են բարձրացնում»։

Այս տարի ի վերջո սկսվում է Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցի շինարարությունը, որը տարիներ շարունակ գործում է անմխիթար պայմաններում: Տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ասաց, որ մինչև մայիս նախագծանախահաշվային աշխատանքները կավարտվեն, դրանից հետո կսկսվի շինարարությունը:

Հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ ֆինանսավորումը կարող է շարունակություն չունենալ, Գևորգ Ալեքսանյանը պատասխանեց. - «Դա կախված է մեր երկրի ղեկավարությունից: Ես էսօր զգում եմ պարոն վարչապետի և նախարարության ցանկությունը, որ անպայման կառուցվի»։

Կառավարությունը վաղուց արդեն հրապարակել է մարզադպրոցի մակետը։ Նախատեսվում է, որ շինարարությունը երկու տարի կտևի: Բայց, ըստ մարզիչների, նույնիսկ անմխիթար պայմաններում սաների պակաս չունեն, հակառակը՝ գերծանրաբեռնված են աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG