Մատչելիության հղումներ

Գիրք նվիրելու օրը բազմազան միջոցառումներով կնշվի ամբողջ հանրապետությունում


Armenia -- A new bookstore in Yerevan. 03July, 2017

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հորդորում է չմոռանալ, որ առջևում փետրվարի 19-ն է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը վաղուց դարձել է նաև գիրք նվիրելու օր։

Միլիտոնյանը հիշեցնում է, որ դեռ տարիներ առաջ Գրողների միության հանգուցյալ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը հռչակվեց գիրք նվիրելու օր՝ խթանելու գրող – գրականություն - ընթերցող կապը, գիրքը կրկին հարազատ ու սիրելի դարձնելու հանրության առավել ստվար հատվածների համար. - «Մեր մեծ գրողի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյալ օրը գիրք նվիրելու օրվա վերածվեց։ Եվ հիմա այդ ալիքը գնալով ավելի բարձրանում է։ Օրինակ, անցյալ տարի մենք միջազգային լայն ընդգրկում ունեցանք, և Բեյրութում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Մոսկվայում նշվեց, Թումանյանի 150-ամյակի հետ էլ լավ համընկավ դա։ Եվ այս տարի էլ շարունակվելու է. նաև Ստեփանակերտում են նշելու, մարզերում։ Եվ ես տեսնում եմ արդեն, որ տարբեր հիմնարկներում... աշխատողին լավ նվերը ի՞նչը կլինի, գիրքը կլինի»։

Ամեն տարի այս օրը թե՛ Գրողների միությունը, թե՛ տարբեր այլ հաստատություններ՝ բուհեր, դպրոցներ, հրատարակչություններ, գրադարաններ, գրախանութներ տարբեր միջոցառումներով են հանդես գալիս, որոնց ընթացքում կազմակերպվում են թե՛ գրքի նվիրատվություններ, թե՛ շնորհանդեսներ, թե՛ գրողների հետ հանդիպումներ և այլն։

Երեք տարի առաջ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնեց «Գաղտնի Թումանյան» խաղը, որը հիշեցնում է ամանորյա «Գաղտնի Սանտա» խաղը՝ մի տարբերությամբ. գաղտնի վիճակահանությամբ այդ օրը միմյանց փոխադարձաբար միմիայն գրքեր են նվիրում։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրողների միության նախագահը ներկայացրեց այն միջոցառումների ցանկը, որ օրվա խորհրդով կազմակերպել է միությունը՝ բազմաթիվ հանդիպումներ տարբեր դպրոցներում, գրքերի նվիրատվություններ, շնորհանդեսներ. - «Մեր գրողները գնալու են դպրոցներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, գրադարաններում են հանդիպելու։ Գյումրիում կլինի հանդիպում, Երևանում շուրջ երեսուն դպրոցում է լինելու հանդիպում գրողների հետ։ Բազմաթիվ գրքեր ենք տանելու, և բոլոր գրողներն էլ իրենց գրքերից կտանեն, կնվիրեն»։

Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ լավ ընթերցողը նաև լավ քաղաքացի է, և ընթերցող հասարակություն ձևավորելու համար պետք սկսել նախակրթարաններից ու դպրոցից. - «Պատրաստենք նրան լավ ընթերցող լինելու, որ մարդը ինքը պահանջ ունենա գիրք կարդալու, ինքը հասկանա, որ գիրքը իրեն ձևավորում է որպես անհատ, որպես պիտանի մարդ»։

Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանի համոզմամբ, Գիրք նվիրելու օրը ոչ միայն նպաստում է ընթերցանության տարածմանը, այլև «մեծ գովազդ է». - «Առաջին հերթին ուշադրություն գրքի հանդեպ։ Հիմա լավ է, որ մենք մասնակցում ենք՝ գրողներ, դպրոցներ, կրթական համակարգ։ Կրթական համակարգը պետք է բաց լինի գրականության հանդեպ, այդ ժամանակ մենք որոշակի արդյունքների կհասնենք։ Գրատպությունից բարձր բան մարդկությունը չի ստեղծել գրից հետո։ Հիմա մենք եթե պիտի չընթերցենք, մեր գիրը կամաց-կամաց զիջում ենք, թողնում ենք, մոռանում ենք։ Եվ առանց գրքերի մենք կունենանք ինֆորմացիա, բայց չենք ունենա գիտելիք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG