Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ


Հայաստանի և Նորվեգիայի վարչապետների հանդիպումը, Մյունխեն, 15-ը փետրվարի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ:

Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Էռնա Սոլբերգը ևս կարևորել է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և հետաքրքրվել երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Զրուցակիցները հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների մի քանի հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG