Մատչելիության հղումներ

«Ամեն հայ ունի իր Կոմիտասը». Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր


Արխիվային լուսանկար

Անցյալ տարի ամենաբազմազան երաժշտական իրադարձություններով նշվեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց նաև մեր լավագույն երգչախմբերի կոմիտասյան համերգաշարերով։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը ևս թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկավ համերգներով՝ ամենուր հնչեցնելով կոմիտասյան ստեղծագործությունները։

Երգչախմբի հիմնադիր ղեկավար, ներկայումս Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, ամփոփելով Կոմիտասին նվիրված տարվա ընթացքում տեղի ունեցած հոբելյանական իրադարձությունները՝ համերգներ, դասախոսություններ, գիտաժողովներ, գրական-երաժշտական երեկոներ և այլն, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կոմիտասյան հոբելյանական տարին նպաստեց Կոմիտասի ստեղծագործությունների առավել հանրայնացմանը, թե՞ դրանք կրկին մնացին մարդկանց կամ հանրության մի փոքր շրջանակի համար, ասաց. «Չէ, չեմ ասի, որ մի փոքր մարդկանց շրջանակի համար է, այնուամենայնիվ, ամեն հայ ունի իր Կոմիտասը, ունի իր ընկալումը Կոմիտասի։ Միշտ էլ ցանկություն կա անելու ավելին, միշտ էլ մտածում ենք, որ քիչ արեցինք Կոմիտասի համար, միշտ էլ մտածում ենք, որ էսպես չպիտի լիներ, ավելին պիտի լիներ, բայց էդ բոլոր իրադարձությունները իսկապես կաթիլներ են, քայլերն են, որ հետո ծով են դառնալու։ Անպայման ամեն մի այդպիսի համերգը, ամեն մի զեկուցումը մի բանով ավելացրեց մեր գիտելիքը Կոմիտասի մասին, մեր ընկալումը կոմիտասյան արվեստի, Կոմիտասի պոեզիայի, Կոմիտասի երաժշտության, այնպես որ չեմ ասի, որ դա շատ մի փոքր խումբ է։ Բայց, իհարկե, պետք է ձգտել ավելիին»։

Սոնա Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ իրենց հանդիպումների, դասախոսությունների ժամանակ հատկապես երիտասարդության հնչեցրած հարցերը հենց ապացույց էին այն բանի, որ շատ-շատերն ուզում են ավելին իմանալ Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության մասին, Կոմիտասի ապրած դարաշրջանի և այն ժամանակվա իրականության մասին։

«Դարաշրջանի, այդ ժամանակ տիրող մթնոլորտի, ինչպես եղավ, որ իրեն վտարեցին, եկեղեցուց հեռացրին, ինչու հեռացրին և շատ ուրիշ հարցեր, որ հետաքրքրում էին մեր այսօրվա երիտասարդներին», - ասաց Հովհաննիսյանը։

«Ազատության» հարցին՝ Կոմիտասյան օրերը ի վերջո ի՞նչ տվեցին մեր հանրությանը, «Հովեր» երգչախմբի հիմնադիր ղեկավարը պատասխանեց. «Իրա մասին շատ ավելի լայն ընդգրկմամբ ներկայացնելու համար, ես տարիներ աշխատում եմ որպես խմբավար, ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել, տասնյակ համերգներ արտասահմանում, և տեսել եմ այլազգիների վերաբերմունքը և արժևորումը, և պահանջված է»։

Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն միջազգային հարթակների մասին է, շարունակեց «Ազատության» զրուցակիցը՝ փաստելով, որ հատկապես վերջին տասնամյակներում այնքան գրքեր են հրատարակվել Կոմիտասի մասին, այնքան կոմիտասյան համերգներ են հնչել, որ երբեք չի եղել խորհրդային տարիներին՝ բոլորիս հայտնի պատճառներով։

«Նախկինում կար էդպիսի շրջան, երբ առանձնապես մի տեսակ անկյուն էր մղված կոմիտասյան ծրագիրը, հիմա՝ լրիվ հակառակը։ Դա բխում է սիրուց միայն և արդարացված է ամեն կողմից, որովհետև էնպիսի մեծ սեր կա, էնպիսի նվիրում կա», - նշեց Սոնա Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG