Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն երկրպագուներին հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում:
Այս շաբաթվա սկզբին նրա որդի Էդինյուն բրազիլական հեռուստատեսությանն ասել էր, թե հիվանդության հետևանքով հայրը դեպրեսիայի մեջ է, «ազդրի ցավերի պատճառով անհավես է դուրս գալիս տնից»:
Աշխարհի եռակի չեմպիոնն ասել է, թե լավ ու վատ օրեր է ունենում, ինչը նորմալ է իր տարիքի մարդկանց համար:
Գալիք հոկտեմբերին Պելեն կդառնա 80 տարեկան
Նա միակ ֆուտբոլիստն է, որ երեք անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
Միշտ 10 համարի մարզաշապիկով դաշտ դուրս եկած Պելեն մի շարք ուրիշ ռեկորդներ է սահմանել: «Սանթոս»-ի կազմում Բրազիլիայի առաջնության 694 խաղում նա 650 գոլ է խփել, իսկ ընդհանուր, իր մասնակցած բոլոր 1363 խաղերում նա 1281 գոլի հեղինակ է դարձել: Պելեն խաղացել է նաև Նյու Յորքի «Կոսմոս» թիմի կազմում: