Մատչելիության հղումներ

ԱՄՆ գլխավոր դատախազը Թրամփին հորդորել է ընթացիկ գործերի մասին թվիթերյան գրառումներ չանել


ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բար, արխիվ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է թվիթերյան գրառումներ չանել ընթացիկ քրեական գործերի մասին, նշելով, որ դրանց հետևող արձագանքներն ու մեկնաբանություններն անհնարին են դարձնում դատախազության աշխատանքը: ABC-ին տված հարցազրույցում գլխավոր դատախազը, որը նաև արդարադատության նախարարն է, ասել է, թե որևէ ճնշումներ չի հանդուրժի՝ լինի դա մամուլի, Կոնգրեսի, թե նախագահի կողմից:

Դատախազությունը դատարանին առաջարկել էր Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին դատապարտել 7-9 տարվա ազատազրկման: Նրա դեմ գործը հարուցվել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հայտնի հետաքննության նյութերի հիման վրա, սակայն Սթոունին առաջադրված մեղադրանքն ուղղակի կապ չունի Ռուսաստանի հետ: Թրամփը Թվիթերում գրել էր, որ մեղադրանքը «շատ խիստ է և անարդար»: Նրա գրառումից հետո Ռոջեր Սթոունին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է, գործը վարող չորս դատախազներ հրաժարական են տվել:

Դեմոկրատներն ու մամուլը խստորեն քննադատել են Թրամփին և գլխավոր դատախազին, հայտարարելով, որ նախագահը միջամտում է արդարադատությանը: Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Թրամփին մեղադրել է «իշխանությունը չարաշահելու» մեջ:

Գլխավոր դատախազը խոստովանել է, որ նախագահի թվիթերյան գրառումներն իր և իր գլխավորած գերատեսչության հեղինակության հետ կապված խնդիրներ են ստեղծում: Միաժամանակ, նա նշել է, որ Ռոջեր Սթոունի մեղադրանքը վերանայելու համար Թրամփից որևէ կարգադրություն չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG