Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր


ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը, արխիվ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Երևանի պետական համալսարանի դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին:

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8 հազար ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար հունվարի 31-ին 1000 դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը, նշված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG