Մատչելիության հղումներ

Նազարբաևի թոռը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրում


Այսուլթան Նազարբաև, արխիվ
Այսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը Ֆեյսբուքում այսօր գրել է, որ ընտանիքի ճնշման պատճառով Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան է խնդրել:

Նա հավելել է, թե տեղեկություններ ունի Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև լայնածավալ կոռուպցիայի մասին, մասնավորապես, որ ղազախական գազը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը միջնորդ ընկերության միջոցով շուկայականից ցածր գնով է գնում: Նազարբաև Կրտսերը պնդում է, որ այդ միջնորդ ընկերությունը տարեկան մոտ 1.5 միլիարդ դոլար շահույթ է ստանում, որը փոխանցվում է Սինգապուր և բաժանվում Ռուսաստանի նախագահի ամենամոտ գործընկերների և Նուրսուլթան Նազարբաևի մտերիմների միջև:

Այսուլթան Նազարբաևը գրում է նաև, որ մանրամասները կլինեն բրիտանական Times պարբերականին տված իր հարցազրույցում: Նա իր գրառման մեջ նշում է նաև, որ այս գերշահույթի պատճառով 2015-ից պայքար էր սկսվել Նազարբաևի շրջապատում, որի էպիկենտրոնում Նազարբաևի ավագ դուստր Դարիգա Նազարբաևան է, ով այսօր, ի դեպ, Ղազախստանի Սենատի նախագահն է:

Նազարբաև կրտսերը պարբերաբար հայտնվում էր սկանդալներում: Անցած տարի աշնանը Լոնդոնի դատարանը նրան դատապարտել էր փորձաշրջանի՝ ոստիկանության սպաների վրա հարձակվելու համար: Բրիտանացի իրավապահները պարզել էին, որ նա գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ: Պատիժը նախատեսում է մեկուկես տարվա փորձաշրջան, բուժում թմրամոլության դեմ և տուգանք: Ինքը պարբերաբար հայտարարել է, որ թմրամոլ է և որ այդ վիճակում է հայտնվել ընտանիքում ունեցած խնդիրների պատճառով:

Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Նազարբաևի նախկին կոշտ ընդդիմախոս Ռախաթ Ալիևի որդին է: Վերջինս, ի դեպ, 2015-ին, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել ավստրիական բանտում: Այսուլթան Նազարբաևն ավարտել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիան և որոշ ժամանակ աշխատել Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում:

Հիշեցնենք, անցած տարվա մարտին հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ լիդերներից մեկը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բոլորի համար անսպասելի հայտարարել էր, որ թողնում է նախագահի պաշտոնը: Շուրջ 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը, սակայն, քաղաքականությունից չի հեռացել, պահպանել է Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, բացի այդ, իշխող «Նուրոտան» կուսակցության առաջնորդն է: Ավելին՝ նա ի պաշտոնե կրում է «ազգի առաջնորդի» տիտղոսը և փորձագետների վկայությամբ՝ այսօր էլ համար մեկ քաղաքական գործիչն է երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG