Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն առաջարկում է բանտերում ինքնասպանության փորձ կատարած անձանց կրկին չպատժել


Օմբուդսմենի գրասենյակն ահազանգում է՝ բանտերում ինքնավնասում կատարած անձանց պետք է օգնել, ոչ թե կարգապահական տույժի ենթարկել ու պատժախուց տանել։ Իրավապաշտպանների կարծիքով՝ դա կրկնակի պատիժ է։

Արդարադատության նախարարությունն ընդունում է՝ խնդիրը կա, բայց տույժի հիմնականում ենթարկվում են նրանք, որոնք օրինակ՝ հայտարարում են, որ մեխ են կուլ տվել, բայց հետո պարզվում է, որ ստել են՝ իրենց նպատակին հասնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) մեկում վերջերս արձանագրել է, որ առաջին անգամ ինքնավնասման փորձ կատարած անձը ժամանակին հրաժարվել է հոգեբույժի ծառայություններից, երկրորդ ինքնավնասումից հետո՝ պատճառները պարզելու և նրա հետ վերականգնողական աշխատանք տանելու փոխարեն մեկուսացրել են պատժախցում։ Պաշտպանը կայացրել է խախտման առկայության մասին որոշում և մի շարք առաջարկներով ուղարկել Արդարադատության նախարարություն։

«Հոգեբուժական և նաև հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձը չի ստացել պատշաճ բուժօգնություն, ինքնավնասման ռիսկերը ճիշտ չեն գնահատվել, չի իրականացվել պատշաճ կանխարգելում՝ անձի ինքնավնասում իրականացնելու, ինքնավնասմանը կամ ինքնասպանության փորձերի դեպքերում ոչ մի պարագայում չպետք է անձի նկատմամբ կատարվի որևիցե կարգապահական խախտում, այլ հակառակը՝ պիտի գնահատվի այդ անձանց ռիսկայնությունը, նրանց հետ պիտի իրականացվի հատուկ աշխատանք՝ ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով», - «Ազատությանը» ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

Բանտերում ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարած մարդկանց տույժի ենթարկելու փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջարկում է փոխել համապատասխան օրենքը: Այն, որ բանտերում հոգեբանների, հոգեբույժների ու բժիշկների կարիք կա, ընդունում են նաև Արդարադատության նախարարությունում, ասում են՝ բացը լրացնելու ուղղությամբ աշխատում են։ Մինչև այդ, պաշտպանի գրասենյակից պնդում են՝ ինքնավնասումների հակում ունեցող մարդկանց համար պետք է մի շարք իրեր անհասանելի լինեն։ Օրինակ` պաշտպանի ուշադրության կենտրոնում հայտնված ազատազրկվածն այս անգամ մեխ է կուլ տվել, նախկինում՝ ածելու շեղբ։

«Անձի հետ զրուցել ենք պատժախցում, ուսումնասիրել ենք նրա փաստաթղթերը՝ անձը ինքնավնասում կատարել էր գամեր կուլ տալու եղանակով։ Նույն պատժախցում, մեր ուսումնասիրության ժամանակ, անձը շատ հանգիստ ցույց տվեց՝ ինչպես դռանը ամրացված թիթեղը պոկելու արդյունքում այդ գամերը հայտնվում են նրա բռում։ Անձին շարունակում էին հասանելի լինել այն միջոցները, որոնցով նա կատարել էր ինքնավնասում, որոնք կատարելու համար էլ տեղափոխվել էր պատժախուց», - պատմեց Սարգսյանը։

Արդարադատության նախարարությունից պարզաբանում են՝ օրենսդրական մակարդակով թիրախավորվելու են առարկաների ցանկը, որոնցով անձը կարող է ինքնավնասում գործել։ Նախարարության քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ կա հստակ մշակված ռազմավարություն, կան նաև խնդիրների լուծման կոնկրետ ճանապարհները:

«Շատ դեպքերում պետք է նշեմ՝ ռազմավարությամբ ևս շեշտադրված է այն, որ լուծումները եղել են հատվածային։ Այսինքն՝ մենք ամբողջ շղթային ուշադրություն կարելի է ասել չենք դարձրել, փորձել ենք տեղ-տեղ որոշակի խնդիրներ լուծել և արդյունքում այդուհանդերձ չենք ունեցել համալիր լուծումներ խնդրին ուղղված։ Դա է պատճառը, որ քրեակատարողական ոլորտի ռազմավարությամբ մենք փորձ ենք կատարել ամեն դեպքում անդրադառնալ ոլորտային բոլոր խնդիրներին, մի կողմից, օրինակ, մենք թիրախավորել ենք ինքնասպանության կամ ինքնավնասման փորձերի նվազեցմանն ուղղված միջոցառումները, մեկ այլ դիտակետից, մենք արդեն թիրախավորել ենք, օրինակ, պատշաճ օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարցերը», - նշեց Սարգսյանը։

Բանտերում դիտորդություն իրականացնող խմբի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է՝ դատապարտյալը լավ օրից չէ ինքնավնասման գնում, ընդունում է՝ երբեմն դրանք որպես բողոքի ակցիա են լինում, բայց ընդգծում է, որ բոլոր դեպքերում ՔԿՀ-ն պատասխանատվություն է կրում մարդու կյանքի ու առողջության համար։ Ղարագյոզյանի կարծիքով՝ իրեն վնասելու համար դատապարտյալին կրկին պատժելով ՔԿՀ-ն չի օգնում, որ նա ամբողջությամբ գիտակցի իր արարքը, շտկվի, հակառակը՝ այդպես մեծանում է նրա կրկնակի հանցագործ դառնալու ռիսկը։ Իսկ ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց կրկին պատժելը, ըստ փաստաբանի, տարածված երևույթ է։

«Սա կրկնակի պատիժ է այն անձանց նկատմամբ, ովքեր ինքնավնասում են կատարում ու այդ ինքնավնասումը անձին ուղեկցում է իր ողջ պատժի ընթացքում ու նույնիսկ պայմանական վաղաժամկետի հարց է գալիս, էդ անձը որպես ինքնավնասման հակում ունեցող անձ համարվում է որպես բացասական բնութագիր ունեցող և այդ հիմքով նույնիսկ կարող է պատժից վաղաժամկետ չազատվի», - ասաց Ղարագյոզյանը։

Ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց կրկին պատժելը կարող է հիմք հանդիսանալ, որ դատապարտյալը դատի տա քրեակատարողական հիմնարկին։ Արա Ղարագյոզյանը, սակայն, պնդում է՝ քչերն են այդ քայլին դիմում, նախ որովհետև կարող է վարչական դատարանը 7 ամիսը մեկ նիստ գումարել, մյուս կողմից էլ դատապարտյալը տարիներով չի սպասելու, որ իր խախտված իրավունքը վերականգնի։ Փաստաբանի պնդմամբ՝ բանտերում դեռ չի վերացել քրեական մշակույթը, իսկ ՔԿՀ-ին դատի տվող դատապարտյալը ներսում կարող է որպես «գործ տվող» պիտակավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG