Մատչելիության հղումներ

Աշխատանք տարվում է. Ռևազյանը՝ Երևան-Լոս Անջելես ուղևորափոխադրումների վերաբերյալ


Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն Ազգային ժողովում, 13-ը փետրվարի, 2020թ.

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ու Եվրամիության մասնագետները Քաղավիացիայի կոմիտեում բազմաթիվ թերություններ են հայտնաբերել, այսօր Ազգային ժողովում (ԱԺ) պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Հիմնական թերությունները կապված են նրանից, որ շատ բաները բանավոր են արվել, այսինքն՝ խնդիր է եղել, հարցը բանավոր է լուծվել, դրա համար երբ իրենք ապացույց էին ուզում, այդ փաստաթղթերն իրականում ներկա չէին: Հիմա մենք պրոցեսի մեջ ենք, որ հասկանանք՝ կարճ ժամկետում ոնց ենք հիմնական մեր խնդիրները լուծելու, միջին ժամկետում և երկար ժամկետում: Քաղավիացիայի խնդիրներն այնպիսի խնդիրներ են, որ կան բաներ, որ կարող ենք կարճ ժամկետում լուծել, կան բաներ, որ 5 տարվա մեջ նոր կկարողանանք լուծել», - մանրամասնեց նա:

Եվրոպական հանձնաժողովն անցած տարեվերջից ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառն, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկողության նվազման նախանշաններն են։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պարզաբանել էր՝ կոմիտեում խնդիրները տարիների պատմություն ունեն, և դրանք դեռ 10 տարի առաջ պետք է լուծվեին. - «Անձամբ շատ ուրախ եմ, որ իրենք եկել են, որովհետև եթե մենք տեղյակ չլինենք, որ խնդիրներ ունենք, չենք կարող խնդիրները հաղթահարել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ Հայաստանն ի վերջո ազգային ավիափոխադրող ունենալո՞ւ է, թե՞ ոչ։

«Այստեղ հարցն այն չէ՝ մեզ պետք է, թե ոչ, հարցն այն է, թե ոնց կարող ենք կառուցել մի փոխադրող, որ իրականում կարող է մրցակցությանը դիմադրել, այսինքն՝ մենք պատրաս՞տ ենք ունենալ ավիաընկերություն, որը, օրինակ, դատարկ է թռնելու, պատրա՞ստ ենք որպես պետություն այս ծախսը կրել: Այդ առաջին հարցին պետք է պատասխանենք, որովհետև այստեղ ուզենալը չի, ինձ թվում է՝ բոլորս էլ կերազենք հայկական փոխադրողով թռնել», - պատասխանեց Ռևազյանը:

ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը» խմբակցություն) Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք կոմիտեն աշխատում է Հայաստանից Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպելու ուղղությամբ։

«Աշխատանք տարվում է, բայց մենք ավելի շուտ Վրաստանի հետ ենք կապի մեջ, որ տեսնենք՝ ոնց կարող ենք հարցն իրար հետ լուծել, որովհետև եթե զուտ նայենք հոսքը Հայաստանից, չի բավարարում, որ մենք ունենանք ուղիղ չվերթ», - մանրամասնեց կոմիտեի ղեկավարը:

Երևանից Ստեփանակերտի օդանավակայան չվերթներ իրականացնելու հարցով էլ են կոմիտեում ցանկանում լուծում գտնել։ Ռևազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, ասաց, որ խնդիրն ավելի շատ քաղաքական է. - «Փաստը նա է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է միջազգային առումով օդային տարածքը փակի»:

XS
SM
MD
LG