Չորեքշաբթի օրը Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել երկրի ներքին գործերի նախկին նախարար Մաթեո Սալվինիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին:
Այսպիսով, ծայրահեղ աջակողմյան «Լիգա» կուսակցության առաջնորդը կարող է կանգնել դատարանի առջև՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տասնյակ միգրանտների ապօրինի ազատազրկման մեղադրանքներով:
Խոսքը աղմկահարույց միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել անցյալ տարի ամռանը: Միջերկրական ծովի մոտ՝ Լիբիայի ափամերձ շրջաններից ոչ հեռու նավաստիների կողմից փրկված շուրջ 130 փախստականների տեղափոխող Gregoretti նավը, հասնելով Իտալիա, օրեր շարունակ կայանել էր ծովում. Իտալիայի իշխանությունները՝ Սալվինիի հրահանգով, ընդամենը մի քանի հոգու էին թույլատրել իջնել նավից, փախստականների մեծամասնությունը օրեր շարունակ անցկացրել էր անմարդկային պայմաններում:
Սալվինին պնդում է, որ գործել է իր երկրի շահերից ելնելով: