Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պնդում է, թե երեկ դատարանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեց, երբ խոսեց 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ մայրաքաղաքում կատարված սպանությունների քննության մասին։
«Ես ունեմ ողջամիտ կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես ստում է՝ փորձելով փրկել իր կաշին։ Ես կարծում եմ, որ սպանությունների մասով նախաքննական մարմինը կատարում է անհրաժեշտ քննչական և օպերատիվ գործողություններ, որպեսզի հայտնաբերի։ Եվ հենց որ հայտնաբերեց, ես վստահ եմ, հասարակությունը իմանալու է այդ մասին։ Իսկ այդ սպանությունների հանգամանքները ևս մեկ անգամ ապացուցելու են, որ սպանությունները կատարվել են մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանի հրամանի արդյունքում»։
Երեկ դատական նիստի ընթացքում նախկին նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ հիմնավոր կասկածներ ունի, թե Մարտի 1-ի մայր գործի 600 հատորների մեջ կան բավարար նյութեր 10 հոգու սպանությունները բացահայտելու համար։
Միևնույն ժամանակ կասկածի տակ դրեց այդ ուղղությամբ կատարվող քննությունը՝ հայտարարելով, որ եթե դա կատարվեր, ապա այն կհակասեր իր և իր նախկին երեք ենթակաների քրեական գործի բովանդակությանը՝ ըստ էության կրկին շեշտելով՝ ինչ կապ ունեն ինքն ու մյուս ամբաստանյալները 2008-ին մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունների հետ. - «Խնդիրը նրա մեջ է, որ հնարավոր չի պարզել, թե մահվան դեպքերը կոնկրետ որ զենքի կրակոցին են պատճառվել»։
Նախկին նախագահը չէր կարող իմանալ, թե Հատուկ քննչական ծառայությունը մասնավորապես սպանությունների բացահայտման ուղղությամբ ինչ տեղեկատվության է տիրապետում՝ դա նախաքննական գաղտնիք է. հայտարարում են Արմեն Խաչատրյանն ու Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Արմեն Խաչատրյանը պնդում է, որ Քոչարյանի երեկվա ելույթը պարզապես սադրանք է. - «Մենք տեսանք, որ վերջին օրերին ընթացքում պաշտպանական կողմը անընդհատ փորձում էր ստանալ նյութերը նախաքննական մարմնից, և դատարանը մերժեց տրամադրել։ Հիմա իրենք գնում են պարզ, սովորական պրովոկացիայի, որպեսզի էդ նյութերը հրապարակվի, և նրանք փորձեն ինչ-որ բաներ գտնել։ Եթե ունենան շատ հավաստի ապացույցներ, շատ հավաստի տեղեկություններ, որ, օրինակ, տասը սպանությունները էդ հրապարակում կատարվել են կենցաղային հողի վրա, վստահ եղեք, որ էս պահին դրանք արդեն հրապարակված կլինեին»։
Որտեղից երկրորդ նախագահին նման կասկածներ, եթե Մարտի 1-ի մայր գործը դեռ նախաքննության փուլում է, և այդ նյութերը չեն տրամադրվել Քոչարյանի պաշտպանական կողմին։ Քոչարյանը ողջ նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ և միայն դատավարությունը մեկնարկելուց հետո է պարբերաբար ելույթներ ունենում։
Տիգրան Եգորյանի կարծիքով, նրան չեն կարող հասանելի լինել բուն գործով քննության գաղտնի տվյալները. - «Ցուցմունք չի տալիս։ Իր իրավունքն է՝ որպես հասարակ մահկանացուի։ Բայց որպես մարդու, որը հավակնում է կրել երկրորդ նախագահ տիտղոսը, կարծում եմ, որ մտածելու բան կա։ Ես կարծում եմ, որ նա տիրապետում է և՛ նախաքննության համար, և՛ այս դատաքննության համար էական տվյալների և տեղեկատվության»։
Եգորյանը նաև պնդում է, թե սպանությունների բացահայտումը որևէ կերպ չի կարող բացառել կամ նվազեցնել նախկին նախագահին առաջադրված մեղադրանք. - «Այս նշած հանգամանքները, սպանությունների հետ կապված հանգամանքների պարզումը ոչ մի կերպ ունակ չի նվազեցնելու Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը և իրեն առաջադրված մեղադրանքը»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը հավելում է, թե սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Քոչարյանի մեղադրանքը ուղղակի կապ ունի սպանությունների հետ. - «Էստեղ մոտիվը եղել է իշխանության պահպանումը և փոխանցումը։ Գործողությունը եղել է սահմանադրական կարգի տապալման միջոցով՝ զինուժ ներգրավել, ապօրինի զինված խմբավորումներ ներգրավել այդ գործողություններին, և արդյունքում զոհվել են տասը քաղաքացիներ»։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը,շարունակելով իր պաշտպանյալի միտքը՝ պարզաբանում է, թե բոլոր այն տեղեկությունները, որ ներկայացնում է երկրորդ նախագահը, բխում են քրեական գործի նյութերից, ինչպես նաև հանրությանը հայտնի տեղեկություններից. - «Որևէ արտառոց բան չի հնչել։ Մի բան, որը երբևէ չէր խոսել, նման բան չի հնչել»։
Դատարանում Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել էր, թե ԱԱԾ նախկին ղեկավարը մշտապես իրեն զեկուցել է իրավիճակի վերաբերյալ։ Ըստ նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանի, չի բացառվում, որ ԱԱԾ այդ նյութերը օգտակար լինեն սպանությունների բացահայտմանը։ Բայց ՀՔԾ-ն իրենց է տրամադրել սպանությունների մասով մինչև իշխանափոխությունը կատարված քննության նյութերը։