Մատչելիության հղումներ

Երևանի կոնսերվատորիայում վերաբացվում է Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան


Այս տարի աշնանը լրանում է մեր լավագույն կոմպոզիտորներից Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որոշել է նշանավորել Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիայի վերաբացմամբ։

Ստուդիան փակ էր վերջին 8 տարիներին և վաղն իր դռները կբացի մեր երաժշտասերների համար։ Եվ այս տարի կոնսերվատորիայի օպերային ստուդիան կնշի նաև հիմնադրման 40-ամյակը։

Այսօր հրավիրած ասուլիսին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր ղեկավար Սոնա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ղազարոս Սարյանն իր մեծագույն վաստակն ունի ոչ միայն որպես 26 տարի կոնսերվատորիան ղեկավարած ռեկտոր, այլ նաև որպես օպերային ստուդիայի հիմնադիր. - «Տարիներ առաջ այն ուներ շատ ակտիվ և կարևոր դերակատարություն կոնսերվատորիայի ուսումնական պրոցեսում, և մեր սերունդը գոնե հրաշալի հիշում է այն նախաձեռնությունները, այն օպերաները, որ իրագործվել են օպերային ստուդիայում։ Այն ժամանակ գործում էր և՛ կանոնավոր օպերային նվագախումբ, և՛ երգչախումբ։ Եվ պետական ֆինանսավորմամբ էր այս ամենը կատարվում։ Տարի հետո, երբ ընդհատվեց ֆինանսավորումը, գործունեությունը նույնպես խաթարվեց։ Այս տարի մենք նախաձեռնել ենք վերսկսել աշխատանքները։ Շնորհակալություն բոլոր դասախոսներին, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել են և պահպանել են այդ գործընթացները ուսումնական»։

Օպերային ստուդիայի նորանշանակ ղեկավարը Հայկ Վարդանյանն է, որի նախաձեռնությամբ էլ այս տարի ստուդիան կներկայացնի հայ օպերային արվեստի լավագույն ստեղծագործություններից բաղկացած համերգաշարեր. - «Ծրագրում ներառվել են օպերաներ, որոնք երկար տարիներ նաև մեր Օպերային թատրոնի բեմ չեն բարձրացել՝ «Խաչատուր Աբովյան», «Նամուս», «Լուսաբացին», «Արծվաբերդ» և այլն, և այլն։ Գլխավոր նպատակն այն է, որ արտիստները բեմ բարձրանալու շատ հնարավորություններ ունենան։ Մենք մեր առաջ նպատակ ենք դրել շատ ազգային դիմագծով թատրոն դառնալ։ Պատահական չէ, որ առաջին թեմատիկ ծրագիրը հենց ընտրվել է հայկական օպերաները»։

Այս տարի նաև երկու նոր բեմադրություններ կներկայացվեն հանդիսատեսին, ընդ որում, դրանցից մեկն առհասարակ Հայաստանում չի բեմադրվել. - «Ութ տարի ընդմիջումից հետո մենք այս տարին նշանավորում ենք միանգամից երկու օպերայի բեմադրությամբ։ Առաջինը իտալական մեծակտավ մի օպերա՝ «Դոն Պասկուալեն» Դոնիցետտիի, որը Հայաստանում երբեք չի ներկայացվել։ Մայիս և հունիս ամիսներին միանգամից երկու ներկայացում կհանձնվի հանդիսատեսի դատին։ Այդ ամենը լինելու է կոնսերվատորիայի նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Այսինքն մենք ունենալու ենք լիարժեք օպերային ներկայացում։ Երկրորդ ներկայացումը սպասվում է աշնանը՝ սեպտեմբերի 30-ին, որը համընկնում է Ղազարոս Սարյանի հարյուրամյակի ճիշտ օրվան։ Այդ օրը նշանավորվում է իր իսկ խմբագրմամբ «Կարինե» օպերետի բեմադրությամբ»։

Կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ Կարեն Լավչյանն ասաց. - «Էստեղի անցած ուսանողները, երբ գնում են մի որևէ թատրոն, իրենք պատրաստ են որպես օպերային երգիչ հանդես գալու։ Նրանց հետ ռեժիսորը խնդիր չի ունենում, դիրիժորը խնդիր չի ունենում, որովհետև իրենք գիտեն, թե ինչպես պետք է աշխատել։ Եվ, ցավոք, երկար տարիներ մեծ բացթողումներ, որովհետև մենք չունեինք նվագախումբ, նվագախումբը լուծարվել էր, և չկարողացանք դրանից հետո ներկայացումներ բեմադրել։ Իսկ այդ ներկայացումներում միշտ ներգրավվում էին մեր ուսանողները և հնարավորություն էին ունենում հենց էստեղ լիարժեք օպերային պատրաստություն ստանալու։ Հիմա, փառք Աստծո, մեր նոր ղեկավարությունը, այդ ամեն ինչը գիտակցելով, ջանքեր չի խնայում, որպեսզի մենք վերականգնենք մեր ունեցած լավ պատմությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG