Մատչելիության հղումներ

Մոսկվա. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի ու արտգործնախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն "Россия Сегодня" գործակալությանը տված հարցազրույցում:

Վերջինս նշել է, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարները քննարկել և մշակել են հստակ առաջարկներ, որոնք թույլ կտան բարենպաստ միջավայր ստեղծել կարգավորման շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար:

«Այդ առաջարկներից մի քանիսն արդեն իրագործվել են՝ իրավիճակը սահմանին և շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ, Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապ է գործում, կազմակերպվել են լրագրողների փոխադարձ այցեր, գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Էլվին Իբրահիմովը ազատ են արձակվել, շարունակվում է աշխատանքը մյուս ձերբակալվածների ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, հավելելով՝ այս ամենը վկայում է, որ կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչի մասին խոսվել է նաև երկու արտգործնախարարների՝ Ժնևում կայացած վերջին հանդիպման ժամանակ:

«Մոսկվան պաշտպանում է կողմերի այս տրամադրվածությունը, հիմա կան հիմքեր՝ աշխատանքները շարունակելու համար, կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է», - ընդգծել է Անդրեյ Ռուդենկոն:

XS
SM
MD
LG