Մատչելիության հղումներ

Կոնստանդին Օրբելյանն այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրենն է


Կոնստանդին Օրբելյան, արխիվ

Այսօր հրավիրած ասուլիսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը հայտարարեց, որ այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրենն է՝ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր նախկինում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմամբ։

Դեռ 2018-ից սկսված այս պատմությունը փաստորեն հանգուցալուծվել է երեկ՝ դատարանի որոշմամբ, բայց, ինչպես շեշտեց Կոնստանդին Օրբելյանը այսօրվա ասուլիսին, նախարարության հետ 2017-ին կնքած իր աշխատանքային պայմանագիրը երեք տարով էր և ավարտվում է այս տարվա օգոստոսի 4-ին։ Իրեն դեռ հայտնի չէ, թե արդյոք պայմանագիրը կերկարաձգվի, նոր աշխատանքային պայմանագիր կստորագրվի իր հետ, թե ոչ։ Մինչ այդ, սակայն, թատրոնը կիրականացնի իր ծրագրերը, իսկ նոր ծրագրերի և թատրոնի հովանավորների հետ բանակցությունների մասին առավել կոնկրետ հնարավոր կլինի ներկայացնել արդեն նոր պայմանագիր ստորագրելուց հետո, քանի որ հովանավորները խուսափում են անկայուն միջավայրում ներդրումներ անելուց։

Կոնստանդին Օրբելյանը հավելեց, նաև, որ այս քաշքշուկների պատճառով վերջին երկու տարում թատրոնը նախարարությունից գումարներ չի ստացել, բեմադրություններ է իրականացրել և հյուրախաղերի մեկնել է իր իսկ միջոցներով, անգամ Ալեքսանդր Թամանյանի նախագծած և պատմամշակութային մեծագույն արժեք ներկայացնող թատրոնի շենքի տանիքի և օդափոխման համակարգի համար նախարարությունից գումարներ չեն հատկացվել։ Կոնստանդին Օրբելյանը հույս ունի այս խնդիրների կարգավորման հարցերը քննարկել և դրական արդյունքի հասնել վաղը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի հետ հանդիպման ժամանակ։

XS
SM
MD
LG