Մատչելիության հղումներ

Մալաթիա-Սեբաստիայում նոր ճանապարհի կառուցումը բողոքի պատճառ է դարձել


Բողոքի ակցիան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Երևան, 10-ը փետրվարի, 2020թ.
Բողոքի ակցիան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Երևան, 10-ը փետրվարի, 2020թ.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հյուսիս-հարավ»-ը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը բնակիչների բողոքի պատճառն է դարձել։ Կառուցվելիք ճանապարհի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների մի մասը դեմ է, որ հենց շենքի հարևանությամբ անցնի նոր ճանապարհը։ Քաղաքացիներն ասում են՝ իրենց ելումուտն է դժվարանալու։

Թեև կեսօրից հետո բողոքի ակցիան խաղաղ էր, տարածքում ոստիկաններն էին հավաքվել։ Մինչ այդ բնակիչները թույլ չէին տալիս ավտոտնակները քանդել։

«Գարաժները քանդում են, թող քանդեն, նենց ա, որ դա մեզ չի խանգարում, բայց ժողովրդի, բնակիչների իրավունքները ոտնահարում են։ Ո՞նց եք պատկերացնում, ասենք, վեց մետր, յոթ մետր կամ տասը մետր հեռավորության վրա գնա մայրուղի, ճանապարհ, պատկերացնո՞ւմ եք մարդկանց անդորրը», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչները նաև մտահոգ են՝ ճանապարհի համար ծառերն են կտրվելու, երեխաներն էլ տարածք չեն ունենալու խաղալու, զբոսանքի համար։ Բացի այդ, բնակիչները երեխաների անվտանգության համար են մտածում. ճանապարհը շատ մոտ է լինելու բակին։

«Ուրիշ տեղ մի հատ ծառ են կտրում, նրան ինչքա՞ն են տուգանում, ի՞նչ քայլերի են դիմում, իսկ ստեղ 88 թվից մենք ծառեր ենք աճացրել, պիտի օդ լինի, չէ՞, մաքուր օդ լինի շնչելու», - ասաց մեկ այլ քաղաքացի։

Չնայած բնակիչների բողոքին, շենքերին մոտ գտնվող տարածքում քանդվեցին ավտոտնակներն ու այլ շինությունները. ընդհանուր առմամբ 44 շինություն կա տարածքում, որ ենթակա է քանդման։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ բոլոր սեփականատերերը կամ օգտագործողները միջինը 3-4 միլիոն դրամի փոխհատուցում են ստացել՝ դեռ տարիներ առաջ՝ քաղաքային նախորդ իշխանությունների օրոք։

«Օրինական սեփականություն հանդիսացող հողի համար փոխհատուցում է տրամադրվել դրա շուկայական արժեքի 115 տոկոսի չափով, իսկ ինքնակամ, այսինքն՝ փաստացի համայնքից զավթված հողի համար, այնուհանդերձ, օգտագործողին համայնքը փոխհատուցել է 25 տոկոսի չափով, իսկ ավտոտնակները, չնայած որ մաշվածությանը և այլն, այսինքն՝ անկախ նրանից, որ ենթադրենք ավտոտնակը կառուցվել է 80-ական թվականներին, նրան փոխհատուցել են այնքան գումար, որով նա կարող է այս պահին համարժեք, նոր ավտոտնակ ձեռք բերել», - ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կարապետյանը չի բացառում՝ նախագիծը հնարավոր է փոփոխության ենթարկվի, բայց ճանապարհը պետք է կառուցվի, այլընտրանք չկա։

«Քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասնակցությամբ, Մեսչյանը բնակիչների հետ միասին քննարկել են հարցը, և առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ, որոնք ծրագիրը, ճանապարհի էս հատվածը թանկացնում են համայնքի համար շուրջ մեկ միլիոն դոլարին համարժեք գումարով, սակայն քաղաքը գնացել է էդ փոխզիջմանը և էստեղ ուղեանցներ են կառուցվել, վերգետնյա անցում կկառուցվի նոր նախագծով, և նախկին բարձր նիշի վրա էր ճանապարհը անցնում, հիմա իջեցվել է նիշը, դրանով ավելի բարձրացնելով անվտանգության մակարդակը», - նշեց Կարապետյանը։

Բնակիչները չեն մտափոխվում, իրենց բակը ճանապարհ դարձնել չեն ցանկանում, պատրաստվում են կառավարություն նամակ գրել, անգամ դատական հայց ներկայացնել դատարան, միայն թե չզրկվեն բակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG