Մատչելիության հղումներ

«Կոնդի մզկիթը մտածում ենք ներառել ամենավտանգված հուշարձանների ցանկում». փոխնախարար


Պարսկական մզկիթը Կոնդում, Երևան, 8-ը փետրվարի, 2020թ.
Պարսկական մզկիթը Կոնդում, Երևան, 8-ը փետրվարի, 2020թ.

Կոնդի 20-ից ավելի բնակելի տներ տարիներ առաջ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում էին։ Պարսկական շրջանից մնացած այդ հուշարձանները 1999 թվականին ցանկից հեռացվել էին՝ պատճառաբանությամբ, թե դրանք կորցրել են ճարտարապետական արժեքը. բացառություն էր 17-րդ դարի Թափաբաշի մզկիթը։

Իսկ թե անցած տարիներին ինչպես է պետությունը պահպանել այդ աղյուսաշեն բացառիկ հուշարձանը, վկայում է մզկիթի ներկա վիճակը։ Այն վթարային վիճակում է։

Բնակելի մի քանի տան վերածված, տեղացիներին ավելի հայտնի «մեջիթ» անունով հուշարձանի մի հատվածում օրեր առաջ էր փլուզում տեղի ունեցել։

«Մի քանի օր առաջ էն, ինչ որ փլուզվել է, չեմ կարծում եղած պատկերի մեջ ինչ-որ էական բան է փոխում։ Ինքը՝ հուշարձանը վթարային վիճակում է», - ասաց ճարտարապետ Սերգո Տոնոյանը։

Մզկիթի ներսում դեռ տասնամյակներ առաջ ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքներ են ապաստանել։ Ասում են՝ դեռ մինչ իրենց այստեղ գալը մզկիթը գործել է։ Հիմա շատ քիչ բան է հուշում, որ շինությունը նախկինում աղոթատեղի է եղել. աղյուսաշեն մի քանի կամարները, արտաքին պատն ու մզկիթի միակ պահպանված գմբեթը, որն աչքի չի զարնում։

Այժմ 5 ընտանիք է ապրում տարածքում։ Բնակիչներից Սաթենիկ Սաֆարյանը պատմում է՝ տարիներ առաջ իրենց բակն ավելի բազմամարդ էր, ընտանիքներից շատերը հեռացան՝ հենց փլուզման վախից։

«Ամեն վայրկյան, ամեն օր, գրեթե, գիշերը կլինի, թե ցերեկը փլուզվում է», - նշեց Սաֆարյանը։

Իսկ ովքեր էլ մնացին, ամեն րոպե զգուշավոր են՝ երեխաներին բակում թույլ չեն տալիս խաղալ. քիչ թե շատ տանն է ապահով։

Ավելի քան 300 տարվա շինությունն անցած տարիների ընթացքում էլ ավելի վտանգավոր է դարձել։

«Ամենաաննորմալ երևույթը երևի թե սա է, որ հուշարձանի, այն էլ հոգևոր, կապ չունի դա լիներ եկեղեցի, թե մզկիթ, տարածքում, ինչպես մեզ հայտնի է՝ ցեղասպանությունից հետո են այստեղ ընտանիքներ բնակեցվել, և մինչ օրս այս խնդիրը դեռ չլուծված է։ Առաջինը, որ պետք է որևէ կառավարություն աներ՝ հոգ տաներ էս ընտանիքների կարիքները, հատկացներ բնակարան կամ գումար», - ասաց Սերգո Տոնոյանը։

Նոր կառավարությունում մտածում են խնդրին լուծում տալու մասին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը համենայն դեպս վստահեցնում է՝ հենց այդ նպատակով էլ միջգերատեսչական քննարկում են նախատեսում։

«Ֆիզիկապես և ֆինանսապես ուղղակի շատ-շատ դժվար է ամեն հուշարձանի հարցը միանգամից և արագորեն լուծել, շատ ցավում եմ սրա համար։ Ունենք, իհարկե, առաջնահերթ ավելի վտանգված հուշարձանների ցանկ։ Հիմա սա մտածում ենք ներառել հենց ամենավտանգվածների կամ շատ վտանգվածների ցանկում», - նշեց Թուխիկյանը։

Մզկիթից բացի Կոնդում այլ շինություններ էլ կան, որ բնակեցված են, սակայն պատմական նշանակություն ունեն։ Նախարարությունն այս տարի 7 շինություն է ներառել նորահայտ հուշարձանների ցանկում։ Այն դեռ կառավարության հավանությանը պետք է արժանանա։ Ճարտարապետ Սերգո Տոնոյանը կարծում է՝ ամբողջ թաղամասին պետք է պատմական հուշարձանի կարգավիճակ տալ։

«Կոնդի բացառիկությունը հենց իր ամբողջության մեջ է։ Փողոցային այն ցանցը, որ ունի Կոնդը, ամենամեծ արժեքն է Կոնդի, որևէ այլ մեկ առանձին վերցրած շենք չի կարող համեմատվել իր արժեքով Կոնդի այս ամբողջականության հետ։ Սա միակ թաղամասն է, որտեղ շուրջ առնվազն 300-400 տարվա փողոցային ցանց է պահպանված», - ընդգծեց ճարտարապետը։

Կոնդի վերակառուցման համար տարբեր նախագծեր են մշակվել, բայց դրանցից ոչ մեկը չի հաստատվել։ Դեռ 1980-ականներին մրցույթ էր հայտարարվել։ Հաղթող նախագիծ էր ճանաչվել Արշավիր Աղեկյանի տարբերակը:

Հեղինակը նպատակ ուներ ոչ միայն պահպանել ու վերականգնել տարածքի աղյուսաշեն ու բացառիկ շինությունները, այլև մայրաքաղաքի արդեն քանդված ժողովրդական ճարտարապետության օրինակներով Կոնդում վերստեղծել հին Երևանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG