Մատչելիության հղումներ

Տեղի կունենա դաշնակահար Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգը


Վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մի աննախադեպ դաշնամուրային մենահամերգ, որը թերևս չի կարող անտարբեր թողնել մեր երաժշտասերներին, քանի որ խոսքը մեր լավագույն երաժիշտներից մեկի՝ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի մասին է։

Այն կազմակերպել է «ԹԻ ԷՄ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությունը, որի հիմնադիր տնօրենի՝ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, այս մենահամերգը կարելի է կոչել «Մի լուսանկարի պատմություն»։

Համերգից առաջ մեր զրույցի ընթացքում երկուսն էլ շեշտեցին, որ սա նախևառաջ Թովմաս Մարտիրոսյանի մտահղացումն էր։

«Մտահղացումը, ինձ թվում է, Թոմի մոտ վաղուց էր ծագել, ուղղակի տարիներով հասունացավ, հասունացավ ու եկավ, հասավ ինձ էդ մտահղացումը, ինչ-որ ժամանակ էլ ինձ էր պետք, որ էդ ամեն ինչը հասունանար, որովհետև մենահամերգ նվագելը նախ պատասխանատու իրադարձություն է, որովհետև մեր հանդիսատեսն ինձ համար հա՛մ ամենաթանկն է, հա՛մ ամենապահանջկոտը, հա՛մ ամենահարազատը», - ասաց Հայրապետյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ ծրագիր է ներկայացնելու իր հանդիսատեսին, դաշնակահարը պատասխանեց. «Ծրագիրը շատ բազմաժանր է լինելու, բազմաոճ, ոչ միայն ջազային։ Ծրագրի գերակշռող մասը լինելու է իմպրովիզացիոն և լինելու է հանպատրաստի։ Համերգի գլխավոր գիծը լինելու է ընդհանուր համերգի իրավիճակը՝ մտերմիկ, բաց, պոզիտիվ տրամադրություն, դա ամենակարևոր բանն է»։

Թովմաս Մարտիրոսյանն էլ նշեց՝ վաղուց էին մտածում Վահագն Հայրապետյանի մենահամերգը կազմակերպելու մասին։

«Մի երկու անգամ ասել էի, ասում էր՝ «դեռ դրա ժամանակը չի հասունացել»։ Ճիշտն ասած անցած տարի քանի լուսանկարներ թերթելով նախորդ մեր ընդհանուր նախագծերից, համերգներից մեկի ժամանակ շատ լավ լուսանկար կար հաջողված, բացեցի ու երկար նայում էի այդ լուսանկարին, մտածում էի՝ որտե՞ղ կարելի է օգտագործել, ի՞նչ կարելի է անել, ու միանգամից էդ միտքը կապվեց էն հին մտքի հետ, որ կարելի է մի հատ մենահամերգ [կազմակերպել]։ Վերցրի էդ լուսանկարի վրա պաստառ հավաքեցի, մի անգամ ևս Վահագնին հրավիրեցի մեր գրասենյակ, ասացի՝ «Վահագ, հիմա ուզո՞ւմ ես մենահամերգ անենք, թե չէ», ասաց՝ «չէ, չէ, դրա ժամանակը չի», ասացի՝ «դե մի հատ էս նկարը բացեմ, դու մի հատ էս պաստառը նայի, եթե դուրդ չի գա, չենք անի, բայց եթե դուրդ եկավ, ուրեմն անելու ենք», ասաց՝ «չէ, ոնց որ անելու ենք, ուրեմն», - պատմեց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG