Այսօր երեկոյան ժամերից և վաղն առավոտյան Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս-Սևաբերդ-Կապուտան ավտոճանապարհները դժվարանցանելի են, Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:
Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: