Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Իսրայելը սպառնալիքներ է ստեղծել Թեհրան-Դամասկոս չվերթ իրականացնող ուղևորատար օդանավի համար:
172 ուղևոր տեղափոխող Airbus 320-ի օդաչուները մի կերպ են կարողացել խուսափել իսրայելական օդային հարվածից, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ Դամասկոսի հարավային շրջաններն Իսրայելի կողմից հրթիռակոծության են ենթարկվել փետրվարի 6-ին՝ F-16 կործանիչներով:
Ռուսաստանցի զինվորականը նշել է, որ Դամասկոսի օդանավակայանի աշխատակազմի գործողությունների շնորհիվ է օդանավին հաջողվել դուրս մղվել կրակահերթերի թիրախ դարձած գոտուց և վայրէջք կատարել ռուսական «Հմեյմիմ» ռազմակայանում: Օդանավի չպլանավորված վայրէջքի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: