Մատչելիության հղումներ

ԵՊԲՀ հիմնադրամի ծառայողների կողմից առերևույթ հափշտակությունների դեպքերով հարուցվել է քրգործ


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԱԱԾ-ն իր պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ բացահայտվել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ ու պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք։

Ըստ ԱԱԾ-ի՝ համալսարանի աշխատակազմի ղեկավարը տնտեսական վարչության պետի հետ միասին 2016-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ Հայաստանից բացակայող անձի անունից կազմել վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ կազմել, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել է զգալի չափերով գումար:

Բժշկական համալսարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Շուշան Դանիելյանն ընդունում է՝ ունեն թերացում, բայց համաձայն չէ ԱԱԾ-ի նշած «պաշտոնեական փաստաթղթերի կեղծում» և «հափշտակություն» եզրույթների հետ։

«Ազատության» հարցին՝ մտահոգիչ չէ՞ արդյոք այն, որ, ըստ ԱԱԾ-ի, համալսարանի աշխատակազմի նախկին ղեկավարը պաշտոնական թղթեր է կեղծել, Շուշան Դանիելյանը պատասխանեց․ «Խոսքը վերաբերում է հիվանդանոցային համալիրներից մեկի աղբահանության խնդրի հետ կապված, երբ աշխատակիցը մոտ մեկ տարի այդ գործողություններն իրականացրել է, բայց որոշակի ժամանակահատվածում նա չի եղել երկրում, և այդ գործողությունն իրականացվել է, աղբահանությունն իրականացվել է։ Այսինքն՝ մենք ունենք էս խնդիրը, որ գործն արվել է, բայց տվյալ անձնավորությունը, ում հետ պայմանագիրը կնքվել է, նրա կողմից չի իրականացվել աշխատանքը։ Ես ի սկզբանե ուզում եմ ասեմ, որ հաստիքի մասին չի խոսքը, այլ՝ ծառայության մասին, այսինքն՝ մենք ձեռք ենք բերել ծառայություն, և կարող եմ ասել, որ մեր թերացումը եղել է այն, որ մենք չենք վերահսկել՝ արդյո՞ք ծառայությունն իրականացնում է այն անձնավորությունը, ում հետ որ կնքվել է պայմանագիր, և դա ոչ թե ամբողջ ժամանակահատվածի մասին է խոսքը, այլ դա ընդամենը օրերի մասին է»։

Ի դեպ, 2016-ի նոյեմբերից մինչև 2018-ի մարտ ամիսը համալսարանի աշխատակազմի ղեկավարն է եղել Էդուարդ Բարսեղյանը, որն այժմ համալսարանի ենթակայությամբ գործող «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրենն է։

ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործով կա երկու մեղադրյալ, որոնցից մեկն էլ հենց Էդուարդ Բարսեղյանն է։ ԱԱԾ-ի ընդգծած զգալի չափով գումարն էլ, Շուշան Դանիելյանի խոսքով, ընդամենը 149 հազար 270 դրամն է։ Դանիելյանն ասում է՝ այդ աշխատակիցն անգամ Բժշկականի հաստիքային աշխատողը չի եղել։

«Տարեկան 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում 149 հազար 270 դրամի խախտում է արձանագրվել։ Այսինքն՝ եթե մենք նայում ենք երկու տարվա կտրվածքով, ստացվում է 26 միլիոն շրջանառություն ստուգած հիմնարկում 149 հազար 270 դրամի չարաշահում, այսինքն՝ մենք մոտենում ենք կատարելության», - ասաց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավարը։

Նախորդ տարի էլ Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) էր հայտարարել, որ Երևանի պետական բժշկական համալսարանը 2015 թվականին շուկայականից բարձր արժեքով ձեռք է բերել 222 միլիոն դրամի գույք՝ առանց գնման որևէ ընթացակարգի։ ՊՎԾ-ի այս զեկույցին հետևել էր ԱԱԾ-ի հարուցած քրգործը։

XS
SM
MD
LG