Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսաստանցի զինվորներ են զոհվել


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլն ընդունել է, որ Սիրիայում՝ Իդլիբի նահանգում ռուսական բանակը կորուստներ է կրել: Իրավիճակը շրջանում սրվել է այն բանից հետո, երբ թուրք զինվորներ են սպանվել, ինչին ի պատասխան թուրքերը հարվածներ են հասցրել Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի բանակի դիրքերին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ստույգ թվեր չհայտնելով, հաղորդել է, որ «լարված կացության պայմաններում ռուս և թուրք ռազմական փորձագետներ են զոհվել»:

Այս իրավիճակում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հնարավորությունը: Թեման մեկնաբանել է Կրեմլի խոսնակը:

«Տվյալ պահին չկան հստակ պայմանավորվածություններ, սակայն մենք չենք կարող բացառել հանդիպման հնարավորությունը: Դուք գիտեք, որ Պուտինը և Էրդողանը երկուսն էլ շատ արագ են որոշումներ ընդունում և եթե համարում են, որ դա անհրաժեշտ է՝ հանդիպում են», - ասել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այսօր ավելի վաղ այդ լարվածության մասին Բաքվում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ասել է, թե Մոսկվան պարտավոր է անհապաղ պահանջել Սիրիայի բանակից՝ ավարտել գրոհներն Իդլիբի նահանգում:

«Հիմա սպասում ենք ռուսների պատվիրակությանը, դրանից հետո եթե պետք լինի՝ կհանդիպեն մեր նախագահներ Էրդողանը և Պուտինը, մեր նպատակն է վերջ տալ գրոհներին այդ շրջանում», - ասել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG