Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալվել է Մոլդովայի քաղաքացի՝ «Ազատություն» ռ/կ լրագրողի մեքենան հրկիզելու կասկածանքով


Ուկրաինա- «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նալինա Տերեշչուկի հրկիզված ավտոմեքենան, Լվով, 30 հունվարի, 2020թ.
Ուկրաինա- «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նալինա Տերեշչուկի հրկիզված ավտոմեքենան, Լվով, 30 հունվարի, 2020թ.

Ուկրաինայում ձերբակալվել է Մոլդովայի մի քաղաքացի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով: Նալինա Տերեշչուկի ավտոմեքենան նախորդ ամիս՝ հունվարի 29-ին, Ուկրաինայի արևմուտքում՝ Լվով քաղաքում, հրկիզվել էր և ամբողջովին այրվել:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն այսօր ասել է, թե Լվովում այդ գործով մոլդովացի ուսանող է ձերբակալվել. - «Մենք փորձում ենք պարզել՝ ով է դրդել նրան դիմելու այդ քայլին: Լրագրողի անվտանգությունն առաջնահերթություն է», - Թվիթերում գրել է Ավակովը:

Նալինա Տերեշչուկն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունում աշխատում է սկսած 2000 թվականից: Իր ավտոմեքենայի հրկիզման հետ կապված նա ասել էր, թե կասկածում է, որ հարձակումը կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:

Փոխոստիկանապետ Անտոն Հեռաշչենկոն «Ազատությանն» այն ժամանակ ասել էր, թե հարձակումը հնարավոր է երրորդ կողմից պատվիրված լինի: Այդ միջադեպից բացի, հունվարի 29-ին Զապորժժյա քաղաքում հրկիզվել էր ակտիվիստ Անդրեյ Լուկինի ավտոմեքենան:

Freedom House Ukraine իրավապաշտպան խումբը դատապարտել էր այդ երկու հարձակումները: «Մենք վրդովված ենք հրկիզումների առնչությամբ և իրավապահ մարմիններին կոչ ենք անում արդյունավետ հետաքննել այդ միջադեպերը», - Ֆեյսբուքի իր էջում գրել էր Freedom House Ukraine իրավապաշտպան խումբը՝ նշելով, թե հրկիզումները կամ տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի ոչնչացման այլ մեթոդներն Ուկրաինայում ավելի հաճախ են օգտագործվում ակտիվիստների վրա ճնշումներ գործադրելու նպատակով:

«Անցած տարվա ընթացքում ակտիվիստներին պատկանող մեկ տասնյակից ավելի ունեցվածք է ոչնչացվել, և ոչ մի գործով հանցագործները չեն հայտնաբերվել և չեն պատժվել», - նշված էր իրավապաշտպան խմբի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG