Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հանրային հեռուստաընկերությանը իր եկամուտների աղբյուրները լրացուցիչ համալրելու օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Ըստ նախագծի՝ գովազդից ստացվող միջոցները կուղղվեն տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն:
Հիմնավորման համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու ՀԸ կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը:
Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:
Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: