Մատչելիության հղումներ

ՀԴԲ տնօրենի պնդմամբ՝ «ռուսները փորձում են պառակտումներ առաջացնել ԱՄՆ-ում»


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը պատասխանում է կոնգրեսականների հարցերին, Վաշինգտոն, 5-ը փետրվարի, 2020թ.
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը պատասխանում է կոնգրեսականների հարցերին, Վաշինգտոն, 5-ը փետրվարի, 2020թ.

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն ասել է, որ այս տարվա աշնանը նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը շարունակում է Միացյալ Նահանգների դեմ տեղեկատվական պատերազմի գործողություններ իրականացնել:

Միաժամանակ, Ռեյը նշել է, թե այս պահին չկան ռուսների կողմից բուն ընտրական գործընթացին միջամտելու մասին վկայող նշաններ:

ՀԴԲ տնօրենն այդ մեկնաբանություններով հանդես է եկել երեկ Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովում:

Նա ասել է, որ Մոսկվան սոցիալական ցանցերը կիրառում է Միացյալ Նահանգներում պառակտումներ առաջացնելու և հանրությունում առկա տարաձայնությունները շահարկելով գժտություններ ստեղծելու նպատակով:

Ռեյի այդ եզրահանգումները լիովին համապատասխանում են ամերիկյան հետախուզական կառույցների այն տեսակետին, որի համաձայն՝ Ռուսաստանը 2016 թվականի նախագահական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում նմանօրինակ եղանակով միջամտել է ամերիկյան ներքաղաքական գործընթացներին: Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Քրիսթոֆեր Ռեյի փոխանցմամբ, ներկայիս փուլում ռուսներն այդ տեղեկատվական պատերազմն իրականացնում են կեղծ օգտահաշիվների, համակարգչային bot-երի և սոցցանցերում տեղադրվող գրառումների միջոցով:

Նա ասել է, որ ռուսների այդ ակտիվությունը հավանաբար կաճի ընտրություններից առաջ:

Ռեյը խոստովանել է, որ սովորական հաքերային գրոհի համեմատությամբ այդօրինակ ակտիվության դեմ պայքարն առավել դժվար է:

«Ի տարբերություն հաքերային գրոհի՝ ապատեղեկատվությունն այլ կարգի սպառնալիք է: Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարող լինել «ճշմարտության ոստիկանություն» և հսկել առցանց ապատեղեկատվությունը մի երկրում, որտեղ գործում է Առաջին լրամշակումը [ԱՄՆ Սահմանադրության առաջին լրամշակումը երաշխավորում է խոսքի ազատությունը], մի երկրում, որտեղ կա խոսքի ազատության հանդեպ հզոր վստահություն», - ասել է Ռեյը:

2016 թվականին ռուս հաքերները կոտրել են Դեմոկրատական կուսակցության կայքերը և գողացել են նախագահության դեմոկրատ թեկնածու, նախկին պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները: Դրանք հետագայում օգտագործվել են թեկնածուին վարկաբեկելու համար:

Բացի այդ, ռուս հաքերները հարձակումների են ենթարկել ԱՄՆ տեղական ընտրական կառույցների էջերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG