Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը կեղտոտ գործարքի է դիմել, սա արդարության վերականգնման գործընթաց է․ Կարեն Անդրեասյան


Կարեն Անդրեասյան

«Ազատության» տաղավարում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։

«Ազատություն». – Դուք ասում եք՝ շատ էլ լավ են անում, շատ էլ օրինական, ինչը խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատում է, իսկ նախկին իշխանություններն ընդհանրապես ասում են, որ սա սահմանադրական հեղաշրջման փորձ է։

Անդրեասյան. – Ես կուզեի սկսել խորհրդարանական ընդդիմությունից։ Էդ գրպանային նախկին ընդդիմությունն էր, այսօրվա աղմուկ հանող, լացակումած, անվերջ աղաղակող ինչ-որ մարդիկ, որոնք հավաքվել են իրար հետ՝ իբր ժողովրդավարության ջատագով լինելու համար։ Ես շատ կուզեի, որ այսպես ասած «օլիգարխիայի» մեջ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունները չլինեն ու դուրս գան, և դուրս գան հնարավորինս արագ։ Պետք չի լինել ո՛չ Հռոմի պապից կաթոլիկ, ո՛չ լավագույն ժողովրդավարականը... ի վերջո, իրենք շատ լավ գիտեն, որ արդարության վերականգնման գործընթաց է երկրում տեղի ունենում։ Եվ եթե սա որևիցե մեկը բնութագրում է որպես սահմանադրական կարգի տապալում, ուրեմն ես այդ մեկին մի բան կարող եմ ասել՝ որ այդ մարդը դեմագոգ է, որովհետև սահմանադրական կարգը տապալվում էր այն ժամանակ, երբ հենց այդ նույն խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ նստած էին նույն բազկաթոռներին, և իրենց աչքի առաջ տեղի էր ունենում սահմանադրական կեղտոտ գործարք. մի պաշտոնյան դուրս էր գալիս, ասում էր՝եղբայր, ես իմ տեղը հեսա կտամ քեզ, որպեսզի դու նստես ոչ թե էնքան էդ աթոռին, ինչքան հիմիկվա Սահմանադրությունը պահանջում է՝ 12 տարի, այլ նստես շատ ավելի երկար։ Այսինքն, էսօրվանից մենք ակնհայտ ունենք մի երևույթ, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, Սահմանադրության ոտնահարում, և հիմա դրա վերականգնումը ասել, որ սա է տապալում, սա է կործանում, ինձ թվում է, դա հենց դեմագոգիա է, կամ նվազագույնը՝ չգիտակցել արդարությունը որտեղ է։

«Ազատություն». - Մասնավորապես «Լուսավոր Հայաստանը» ըստ էության Ձեր ասածի հետ համաձայն է, բայց ասում է՝ օրինական անենք։

Անդրեասյան. – Բայց էդ լավ մասնագետները երևի կարդացել են «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» տեքստը, որը գրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներում։ Եվ ի՞նչ է ասում այդ տեքստը։ Ասում է՝ եթե դու իրավիճակում ես, որը հենց դա է պետք ժողովրդավարական հասարակությանը, դու կարող ես բացառություններ անես։ Երբ որ երկիրը հասել է ճգնաժամի, ընդ որում՝ ոչ ներկայիս իշխանության մեղքով, նախկին Սահմանադրությունը գրողների, էդ Սահմանադրական դատարանում ապօրինի վճիռները դակողների, հազար ու մի կեղտոտ գործարքներ արածների պատճառով, հիմա եկել-հասել ենք այսպես ասած ճգնաժամի առաջ, և ասել, որ էսօր իրավունք չունենք կարճաժամկետ հանել էս դրույթը, հետո վերադարձնել, որովհետև սա է պահանջում ժողովրդավարական հասարակությունը, սա դեմագոգիա է կամ չիմացություն, որ կարելի է մի քիչ ավելի լայն նայել իրավական պահանջներին։

«Ազատություն». – Որտեղի՞ց գիտեք, որ դա կարճաժամկետ է։ Վաղը Փաշինյանը, ասենք, արբենա իշխանությամբ, ասի՝ հիմա էլ միապետություն ենք ստեղծում։ Բա չլինի՞ էդ զսպող մարմինը՝ Սահմանադրական դատարանը, թե՞ միայն խորհրդարանական մեծամասնությամբ դա էլ ընդունելու են, գնան առաջ։

Անդրեասյան. – Եթե մենք ելնելու ենք հանցագործի կանխավարկածից, կամ ելնելու ենք նրանից, որ Փաշինյանը բռնապետ է դառնալու,... ուրեմն նշանակում է, մենք ունենալու ենք վարչապետ, իշխող կուսակցություն, որ եթե չուղղի այս իրավիճակը, չվերադառնա նորմալ տեղ, երբ որ ինքը հաղթահարի ճգնաժամը, ուրեմն էդ ժամանակ հենց նույն ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, գալու է իշխանության, ինքն է վերադարձնելու էս վիճակը։ Որովհետև ժամանակավոր էս արգելքը... օրինակ, ռազմական դրության ժամանակ դու ինչ-որ պահի վստահում ես քո գործադիրին այնպիսի լիազորություններ, որ այլ պարագայում չէիր վստահի։ Եվ սա նման է հենց էդ ռազմական իրավիճակին, կամ շատ պայթյունավտանգ իրավիճակին, արտակարգ դեպքին։ Քրեական իրավունք կա էդ անհրաժեշտ պաշտպանությունը... չի կարելի մարդ սպանել, բայց եթե դու դա անես, երբ որ քո վրա են հարձակվել, դու կարդարացվես։ Հիմա ես տեսնում եմ, որ մեր ոչ թե իշխանությունը, մեր պետությունը ծայրահեղ անհրաժեշտության առաջ է կանգնած։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG