Մատչելիության հղումներ

Կաշառքի դիմաց կեղծ փաստաթղթերով զինծառայությունից տարկետման և վաղաժամ զորացրման դեպքերով քրգործ է հարուցվել. ԱԱԾ


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հայտնում է կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթերով ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և ժամկետից շուտ զորացրվելու դեպքերի բացահայտման մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ «փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019 թվականին ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության և բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու և դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, այնուհետև նրա օժանդակությամբ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք»:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ հիշյալ ծանոթը ինչպես վերը նշված, այնպես էլ այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և զինծառայողներին ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով, վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019 թ.-ի ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 45 հազար ԱՄՆ դոլար գումար», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ «Անհերքելի ապացույցների առկայության ներքո կաշառք ստացած հիշյալ պաշտոնատար անձը խոստովանել է կատարած հանցագործությունը», - փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG