Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան, 3 փետրվարի, 2020թ.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան, 3 փետրվարի, 2020թ.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր մերժեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ինքնաբացարկի միջնորդությունը:

Որոշումն ընթերցելուց հետո Դանիելյանը քննեց դատախազության բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: 2019 թվականի նոյեմբերի այդ որոշմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը պարտավորեցրել էր ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ անհիմն կերպով մասնավոր շահը վերադաս համարելով հանրային շահի նկատմամբ: Ըստ դատախազի՝ դատարանի որոշումն ամբողջությամբ ենթակա է բեկանման։

«Դատական ակտի ուսումնասիրությունից պարզ չէ, թե քրեական դատավարության օրենսգրքով քրեական գործի նյութերին ծանոթանալու սպառիչ դեպքեր նախատեսված լինելու, բացառապես ավարտված քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն նախատեսված լինելու պայմաններում դատարանն իրավական ի՞նչ հիմք է սահմանել նախաքննությունը չավարտված, դեպքի հանգամանքները բացահայտելու նպատակով ակտիվ քննության փուլում գտնվող քրեական գործի նյութերին որևէ մեկի ծանոթանալու պարտականություն և քննիչների ո՞ր լիազորությունն իրականացնելով է կատարելու այդ պահանջը», - ասաց նա:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն, և այդպիսով խախտվում է երկրորդ նախագահի պաշտպանության իրավունքը. - «Քրեական գործը հարուցվել է 2008 թվականին, և այս տարիների ընթացքում եղել են շատ դեպքեր, երբ գործով առկա տվյալները հրապարակայնացվել են դատաքննությունների, դատավճիռների և հրապարակումների արդյունքում, ուստի դրանից ենթադրվում է, որ նախաքննական գաղտնիքը տարիների ընթացքում ողջամտորեն պետք է նվազած լինի: Ընդ որում, եթե մի պահ ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը կարող էր չանջատվել, այդ դեպքում գործի ողջ նյութերը, միևնույնն է, տրամադրվելու էին վերջինին: Միաժամանակ դատարանը գտնում է, որ եթե այդուհանդերձ նախաքննական մարմինն ունի գաղտնիության հրապարակման մտավախություն, ապա շատ հանգիստ կարող է հիշյալ քրեական գործի նյութերը ծանոթացնել բողոքաբեր կողմին. ըստ էության խոսում է գաղտնիք հանդիսացող նյութերը չհրապարակելու պայման»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մոտ 1 ժամ ձգված խոսքի սկզբում հարկ համարեց ընդգծել՝ որևէ կասկած չունի, որ դատավոր Դանիելյանը բավարարելու է դատախազության բողոքը, և դատարան ներկայացել է միայն նրա համար, որ իր փաստարկներն արձանագրվեն և հիմք լինեն այլ ատյանների բողոքարկման համար: Դանիելյանը, նկատենք, այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

«1 տոկոս կասկած չեմ ունեցել, որ այդ միջնորդությունը մերժվելու է, 1 տոկոս կասկած չունեմ, որ այս բողոքը նույնպես բավարվելու է դատախազի: Նիստի ընթացքում ասացի՝ մենք այստեղ ներկայացել ենք ոչ պարոն Դանիելյանի համար, այլ այդ թվում՝ ձեզ համար», - նշեց Խուդոյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործի շարունակվող քննության վերաբերյալ հարցերը. - «Նախաքննությունն ընթանում է, ես այս փուլում հրապարակային որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել»:

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին:

XS
SM
MD
LG