Մատչելիության հղումներ

Երիտասարդը մեղադրվում է Facebook-ում երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունների և դրանց փորձի համար


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ 14 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչը Facebook սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ, տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ վարել համապատասխան նամակագրություններ։ Քննության տվյալներով, 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով Facebook-ում նամակագրություն է վարել մի աղջնակի հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ, շարունակել է շփումը և անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն։

Տվյալներ են ձեռք բերվել այլ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձի վերաբերյալ ևս: Այսպես, 26-ամյա երիտասարդը, 2019-ի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա երեխայի հետ, վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն, հետագայում շարունակելով նամակագրությունը` տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` «12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ», և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ «անառակաբարո գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Նշենք, որ մեղադրանքները հաստատվելու դեպքում երիտասարդին սպառնում է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG