Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Նուր-Սուլթանին կոչ է անում համատեղ ջանքերով ճնշում գործադրել Պեկինի վրա


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տիլեուբերդին, Նուր-Սուլթան, 2 փետրվարի, 2020թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Ղազախստանի ղեկավարներին կոչ է արել Չինաստանի Սինծիանի ինքնավար շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում միանալ Վաշինգտոնին և ճնշում գործադրել Պեկինի վրա:

Սինծիանի շրջանում բնակվում են ույղուրներ, ղազախներ և մահմեդականություն դավանող ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միացյալ Նահանգները, եվրոպական մի շարք երկրներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Չինաստանին մեղադրում են Սինծիանի բնակիչների իրավունքները կոպտորեն խախտելու, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին հալածելու և բանտարկելու, մարդկանց համակենտրոնացման ճամբարներում պահելու, ույղուրների, ղազախների ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը ոչնչացնելու մեջ:

Պեկինը կտրականապես հերքում է մեղադրանքը և պարզաբանում, որ Սինծիանում ստեղծվել են ոչ թե համակենտրոնացման ճամբարներ, այլ «վերադաստիարակման կենտրոններ»:

Չինաստանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի խոշոր տնտեսական գործընկերն է, և Ղազախստանի պետական մամուլը սովորաբար չի մեկնաբանում Սինծիանում մարդու իրավունքների ոտնահարման թեման:

Մայք Փոմփեոն այդ հարցն արծարծել է այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում իր ղազախ պաշտոնակից Մուխտար Տիլեուբերդի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք խոսել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հենց Ղազախստանի սահմանից այն կողմ՝ Սինծիանում կալանավորված ավելի քան մեկ միլիոն ույղուրների և ղազախների վիճակի մասին», - բանակցություններից հետո ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Փոմփեոն կհանդիպի նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և «ազգային լիդեր», նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG