Մատչելիության հղումներ

Քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը


Կառավարությունում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն:

«Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը», - ասել է վարչապետը՝ շարունակելով. «Մյուս կողմից՝ մենք այս բարեփոխումների արդյունքում խնդիր ենք դնում այնպես անել, որ հանրային կառավարման վրա հանրության կողմից ծախսվող գումարը լինի առավելագույնս արդյունավետ, որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, բիզնեսի կյանքն ավելի որակյալ, մառուցվող ծառայություններն ավելի որակյալ և պետական կառավարման համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելն է»:

Քննարկվել են, մասնավորապես, հանրային կառավարման համակարգում քաղաքականությունների մշակմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պետական ծառայությունների մատուցմանը, հաշվետվողականությանը, ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը և հանձնարարել շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG