Մատչելիության հղումներ

Գրողների միության ու Հայաստանի ԶՈՒ-ի համագործակցությամբ տեղի է ունեցել ամենամյա գրական մրցանակաբաշխություն


Գրողների միության շենքը Երևանում, արխիվ
Գրողների միության շենքը Երևանում, արխիվ

Արդեն 6-րդ տարին է Բանակի օրվա կապակցությամբ Գրողների միության ու Հայաստանի զինված ուժերի համագործակցությամբ տեղի է ունենում գրական մրցանակաբաշխություն, որի կապակցությամբ «Ազատության» հետ զրույցի ընթացքում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի ավելանում է մրցանակաբաշխության մասնակից գրողների թիվն առանց տարիքային սահմանափակման։

Միության նախագահը նախևառաջ հիշեցնում է. «Փաստորեն մեր գրողները, մեր Գրողների միությունը բանակի ծննդյան օրից և դրանից առաջ էլ համագործակցել է մեր կռվողների, 89 թվականից, կարելի է ասել, մեր Գրողների միությունը հենց էդ շարքերում է եղել։ Չմոռանանք, որ հենց Երկրապահի շտաբը մեր Գրողների միությունը առաջինը ստեղծեց, և հենց այդ ակունքներում կանգնած էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, էն ժամանակ երիտասարդ գրող։ Էնպես որ հետո, երբ որ Պաշտպանության նախարարությունը ստեղծվեց, կայացավ, նրա շարքերում ծառայեցին բազմաթիվ գրողներ, նաև մենք զոհեր ունեինք և հիշատակենք անպայման մեր Սամվել Շահմուրադյանին, որ էստեղ՝ հենց Գրողների միությունում էր աշխատում, պատգամավոր էր այդ ժամանակ, երբ որ մարտական դիրքերում զոհվեց։ Մենք ունենք պատերազմի մասնակիցներ»։

Արդեն ավանդույթ են դարձել նաև տարեկան մի քանի անգամ գրողների այցելությունները զորամասեր, հանդիպումները զինվորների հետ, նաև հարյուրավոր գրքերի նվիրատվություներ տարբեր զորամասերին։

«6-րդ տարին է, ինչ [անցկացվում է] նաև գրական մրցանակաբաշխություն, որտեղ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են քննարկվում՝ պոեզիա, արձակ, հրապարակախոսություն, գրականագիտական աշխատանքներ։ Սա մի լայն, ծավալուն ընդգրկում է, որտեղ մեր բոլոր գրական ժանրերի մասնակիցները կարող են մասնակցել», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը։

Գրողների միության նախագահը նշեց, որ մրցանակաբաշխության մեջ ընդգրկված են նաև ստեղծագործողներ, որոնք հիմա ծառայում են բանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG