Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Հայկ Սարգսյանը դատարանի շենքում։ 31-ը հուվարի, 2020թթ.

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսակցել է կալանավորված եղբորը՝ ապօրինի զենք կրելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրվող Նարեկ Սարգսյանին։

Հարցին, թե ինչ վիճակում է գտնվում վերջերս Չեխիայից Հայաստան արտահանձնված կրտսեր եղբայրը, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ «ընտիր»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Վերջերս, սակայն, Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2007-ին իրեն հրազենային վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:

Ի դեպ, Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, ապա ազատ արձակվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստում իրեղեն ապացույցների հետազոտման փուլն էր։ Հետազոտվում էր ատրճանակը, որով, ըստ մեղադրանքի, Հայկ Սարգսյանը կրակել է Դավիթ Սիմոնյանի վրա:

Նախքան ծրարի բացվելը, որի մեջ էր ատրճանակը, իրեղեն ապացույցը ներկայացվեց կողմերին՝ համոզվելու, որ փաթեթավորումը խախտված չէ։

Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե այս առարկան չի կարող սույն քրեական գործով իրեղեն ապացույց հանդիսանալ. - «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե որ առարկաները կարող են դատարանում ապացույց լինել, իրեղեն ապացույցի ուժ ստանել և արժեք ստանալ։ Ցանկացած առարկա, որը որ դատարանը պետք է ասի, որ սա իրեղեն ապացույց է, պետք է այն առգրավելուց անմիջապես հետո կատարվեր այնպիսի գործողություններ, որը բացառում է դրա փոփոխման հնարավորությունը։ Այսինքն հիմա դատարանը նայում է մի ատրճանակ, որը... ենթադրենք փոխվել է։ Պետք է տեղում առգրավեն, փաթեթավորեն, միջոցներ ձեռնարկեն, որ փաթեթը չկարողանան բացել։ Դրա համար կնիք ունեն, վրան ստորագրություններ են դնում, որ չփոխեն։ Դրանից հետո երբ որ փորձաքննություն է կատարվում, փորձագետն է փաթեթավորում, իր կնիքով հաստատում և նախորդ կնիքները դնում է փաթեթի մեջ, որ պարզ լինի այդ ընթացակարգը։ Հիմա ի՞նչ ունենք դատարանում։ Ասում է՝ համոզվենք, որ փաթեթը խախտված չի։ Ի՞նչ տվեց դա մեզ։ Դեպքից հետո, երբ որ այս ատրճանակը գտնվել է քրեափորձագիտականում, հետո տարել նվիրել են կոնկրետ անձի, այդ անձի մոտ է այս ձեռքը գտնվել։ Հիմա ո՞նց եք հիմնավորում, որ այս ատրճանակի հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, փոխելու հնարավորությունը բացառվել է։ Սա մի փաստարկն է, որ սա իրեղեն ապացույց դատարանում չի կարող լինել։ Եվ երկրորդը, որ որևէ ձևով չի հիմնավորվում, որ սա հենց այն ատրճանակն է, որով էն ժամանակ կրակվել է»։

Այսօրվա նիստը հետաձգվեց՝ վկայի բացակայության պատճառով։ Դատախազն ասաց, որ վկան՝ տուժող Դավիթ Սիմոնյանի հայրը ԱՄՆ-ում է և, որ այս պահին հնարավորություն չկա ապահովելու նրա ներկայությունը։ Դատախազն ասաց նաև, որ վկայի հարցաքննությունն ապահովելու վերջին քայլը տեսակապն է, որն իրականացնելու համար հանձնարարություն է տրված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG