Մատչելիության հղումներ

Բախշյան. Նաիրի Հունանյանը վստահելի կերպար չէ, ամեն խոսքը քննիչը պիտի ստուգի


«Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ստացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրած նամակը:

«Այն այժմ ուսումնասիրության փուլում է», - «Ազատությանը» փոխանցեցին կառույցի լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով հրապարակել բովանդակությունը։

Հունանյանի նամակի մասին մոտ 2 շաբաթ առաջ հայտնի դարձավ, վարչապետն այն ուղարկել էր գլխավոր դատախազին, Գլխավոր դատախազությունն էլ, ինչպես տեղեկացրին լրատվական ծառայությունից, Ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար:

Թե ինչ է գրված նամակում, Կառավարության աշխատակազմից ևս չբացահայտեցին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին՝ Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը։

«27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը, որի բողոքի հիման վրա էլ անցած տարեվերջին գործից անջատված և 16 տարի առաջ կարճված մասով նոր քննություն սկսվեց, ենթադրում է՝ մամուլի հրապարակումները կարող են իրականություն լինել. - «Իրավիճակի փոփոխությամբ ինքը նույնիսկ այն, ինչ մամուլը ենթադրաբար գրել է, դա կարող է իրականություն լինել, այսինքն՝ ասել, որ պատրաստ եմ համագործակցել կազմակերպիչներին բացահայտելու աշխատանքներում, գործընթացներում, բայց նա այն կերպարը չի էլի, որին կարելի է վստահել: Իր ամեն խոսքը ճիշտ, լավ քննիչը չպիտի հավատա և յուրաքանչյուր ասած բառը պիտի ստուգի, որովհետև ես իր ցուցմունքները բոլոր կարդացել եմ. առաջին ցուցմունքներում ինքը շատ մարդկանց անուններ է տալիս, 2000 թվականի ապրիլից հետո փոխում է, և դրանից հետո մինչև դատաքննության ավարտը կազմակերպիչ չկա՝ ես եմ արել, ես: Դատի ժամանակ 2 եղբայր վիճում էին անգամ, թե ով էր այս գաղափարի հեղինակը: Այ այդ աստիճան իրեն հերոսի տեղ էր դրել, իսկ այս նամակում ինքն ինչ է գրել, այո ինձ շատ հետաքրքիր է»:

4 տարվա քննությունից հետո՝ 2004-ին, Գլխավոր դատախազությունը կարճել էր հանցագործության այլ մասնակիցներին, դրդիչներին, հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու համար «27»-ի գործից առանձնացված մասը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Անահիտ Բախշյանի խոսքով՝ դեռ որևէ քննչական գործողության չի մասնակցել: Չնայած գործով նոր քննության որոշում կա, 99-ին Ազգային ժողովում սպանված՝ խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին ասում է՝ ԱԱԾ-ին չի վստահում։ Նրա փաստաբանը միջնորդել էր գլխավոր դատախազին, որպեսզի ոչ թե ԱԱԾ-ի, այլ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ենթակայությամբ իրականացվի գործի քննությունը: Բախշյանն ասաց՝ երեկ մերժում է ստացել, պարզաբանումներ ստանալու համար ուզում է անձամբ հանդիպել մերժման հեղինակ դատախազին․ հիմքերը նրա համար անհասկանալի են։

«Լուռ հետևել է ու չի բռնել, չի կանխել, այսինքն՝ եթե չի կանխել, ուրեմն ձեռնտու է եղել ինչ-որ մարդկանց, որոնք ԱԱԾ-ի մեջ են և ԱԱԾ-ից դուրս են, հետևաբար ես չեմ վստահում, իրենք իրենց հանցագործ, անհետևողական այդ նախաքննությունը... հիմա իրենք պիտի՞ բացահայտեն, ասում են՝ մարդիկ են փոխվել, հա, մարդիկ փոխվել են, բայց հիշողություն կա չէ՞, КГБ-ն ունի հիշողություն», - հավելեց նա:

«27»-ի գործից կարճված մասի 17 հատորների բովանդակությանը Անահիտ Բախշյանը մինչև անցած տարի ծանոթ չի եղել. - «Երբ ես գործին ծանոթացել եմ վերջերս, ես այնտեղ այնպիսի ցուցմունքներ եմ կարդացել, որ ուղղակի ուզում էի այդ պահին ԱԱԾ-ն պայթեցնել, հասկանո՞ւմ եք: Կարճ կասեմ՝ ԱԱԾ-ն իմացել է, ԱԱԾ-ն ոչ մի ձևով չի կանխել, ԱԱԾ-ն իրար վրա են գցել, մի խոսքով, կատակ են համարել, հումոր են համարել, և այն փաստը, որ Հունանյանն ինքն ԱԱԾ գործակալ է եղել, իմ մեջ ընդհանրապես ոչ մի քննչական համակարգի նկատմամբ վստահություն չունեմ Հայաստանի, բայց հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ: Այսօրվա այդ հաղորդագրությունը՝ նամակի հետ կապված, ասում է այն մասին, փաստում է, որ գործը կշարունակվի ԱԱԾ-ում: Ես այլևս օրինական որևէ քայլ չեմ կարող անել, ինչպես բացատրեց ինձ պաշտպանը», - հայտարարեց նա:

Հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն ընդհանրապես անթույլատրելի էր համարել այս պահին գործի վերաբացումը, երբ դատական համակարգը դեռ վստահություն չի ներշնչում, դեմ է նաև, որ Նաիրի Հունանյանի հետ որևէ համագործակցություն լինի: Սարգսյանի խոսքով՝ «27»-ի պատվիրատուները պետք է բացահայտվեն փաստերի հիման վրա: Նա արտաքին քաղաքական վարկածը ստուգելու կողմնակից է:

XS
SM
MD
LG