Մատչելիության հղումներ

ՀՅԴ անդամներն Արման Բաբաջանյանից պահանջում են ներողություն խնդրել ու զրպարտության համար փոխհատուցել


ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցության դատական հայցն Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ կքննի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը։ Դաշնակցականները Բաբաջանյանից պահանջում են ներողություն խնդրել ու զրպարտության համար փոխհատուցում վճարել՝ մեկ դրամի չափով:

«Այսպիսի արտահայտություններ անում է Ազգային ժողովի պատգամավորը, ով օրենքով պարտավոր է նախ և առաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Երկրորդը՝ մի մարդ, ով հանդիսանում է նաև լրատվամիջոցի հիմնադիր, երրորդ՝ հնչեցվում են արտահայտություններ Ազգային ժողովի ամբիոնից», - ասում է Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Դեկտեմբերի 6-ին Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից Դաշնակցությունն անվանեց «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ». - «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ», - ասել էր նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ իրենց հայցով ուզում են Հայաստանում նախադեպ ստեղծել. - «Որովհետև առ այս պահը մեզ հայտնի չէ որևէ դեպք, որևէ փաստ, որևէ իրավական ընթացակարգով անցած գործընթաց, որտեղ կուսակցությունն այսպիսի հայցադիմում է ներկայացնում»: Նրա գնահատմամբ՝ այս գործով դատական նիստերը շատ կարևոր են լինելու. - «Չափազանց կարևոր է, որ մեր հանրությունը, նաև լրագրողական աշխարհը մանրամասն հետևի փաստերի և հակափաստերի ներկայացման քաղաքակիրթ դատական կարգով պաշտպանության»:

ՀՅԴ անդամն ուրախ կլինի՝ եթե Բաբաջանյանը դատարանում հիմնավորված խոսի ու փաստեր ներկայացնի: Նա համոզված է՝ Դաշնակցությունը նիստերի ընթացքում բազմաթիվ հարցերի կանդրադառնա, որոնց մասին մինչ այս հարկ չեն համարել խոսել, և մանրամասներ կներկայացնի:

«Ելույթը վերաբերում է Հայաստանի Հանրապետության 90-ական թվականների, հայաստանյան կազմակերպության այդպիսի որակումների: Համոզված եմ, որ ակտիվ դատական նիստեր ենք ունենալու, և հարգարժան դատարանից էլ ակնկալում ենք հավուր պատշաճի գնահատումներ», - նկատեց նա:

Արման Բաբաջայանն Արծվիկ Մինասյանի ասուլիսից հետո ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մինչ դատավարական գործընթացը ձեռնպահ է մնալու այս գործի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և մեկնաբանություններից՝ հետևելով Մինասյանի կողմից ներկայացված ու իր կողմից ողջունելի մարտավարությանը՝ բովանդակային հարցերի շուրջ խոսել դատավարության ընթացքում:

«ՀՅԴ-ին տրված իմ գնահատականի, դրա դրդապատճառների ու ծագումնաբանության մասին խոսել եմ բազմիցս. դրա համար հիմք են հանդիսացել 1990-ականների մամուլի հրապարակումները, ինչպես նաև ՀՅԴ-ի կառույցներից մեկի՝ «Դրո» ռազմականացված կազմակերպության գործունեությունն ու դրա նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը», - գրել է Բաբաջանյանը:

Այդուհանդերձ, վերջինս իր հարցազրույցներից մեկում ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը ոչ մեկին չի վիրավորել, այլ պատմական փաստեր վկայաբերել, և որ ահաբեկչության նկատամբ հակումները Դաշնակցությանը հատուկ են եղել դեռ սկզբնավորման օրվանից։

Ըստ «Դրոյի» գործով մեղադրական եզրակացության՝ ՀՅԴ-ական գործիչներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին Դաշնակցության անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով 1992 թվականին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց։ Նույն մեղադրական եզրակացության համաձայն՝ «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են Հայաստանի 3 քաղաքացիներ:

Այս գործով մեղադրյալներից էր Դաշնակցության երկարամյա ղեկավար անդամ Հրանտ Մարգարյանը: Նա 1998-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել, իսկ մյուսները՝ Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը, դատապարտվել էին մահապատժի: 2003-ին մահապատիժը նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման, Մնջոյանը 2019-ին մահացել է, Արծրունին պատիժը կրում է մինչ օրս։

«Դրոյի» գործի բացահայտման մասին 1994 թվականին հեռուստատեսությամբ հայտնեց նախագահ Տեր-Պետրոսյանը, Դաշնակցության գործունեությունը Հայաստանում կասեցվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG