Մատչելիության հղումներ

«Էրեբունի պլազա» ներխուժած անձը ցուցմունքում նշել է՝ ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն


Երևանում գտնվող «Էրեբունի պլազա» հյուրանոցը շրջապատված է ոստիկաններով, ներսում քաղաքացի Արթուր Թորոսյանը կրակոցներ է արձակել, 23 հունվարի, 2020թ.
Երևանում գտնվող «Էրեբունի պլազա» հյուրանոցը շրջապատված է ոստիկաններով, ներսում քաղաքացի Արթուր Թորոսյանը կրակոցներ է արձակել, 23 հունվարի, 2020թ.

Մեկ շաբաթ առաջ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած ու պատանդ վերցրած Արթուր Թորոսյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը «Ազատությանը» հայտնեց՝ դեպքի օրը իր պաշտպանյալը ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

«Համենայն դեպս, ինքը նման ցուցմունք է տվել», - ասաց նա:

Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Թորոսյանը ցանկանում էր հանդիպել երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, գրասենյակն «Էրեբունի պլազա»-ում է, այնտեղ են նաև գործում նաև Քոչարյանի անվան հետ կապվող «5-րդ ալիք» ՀԸ և Yerevan.today կայքի խմբագրությունները։

«Պատճառների մասին, ճիշտն ասած, ինքը շատ անտրամաբանական պատասխան է տվել», - նկատեց Աղաջանյանը: Վերջինիս խոսքով՝ Թորոսյանի ներկայացրած պատճառը հիմք է տվել ենթադրելու, թե իր պաշտպանյալը հնարավոր է որոշ հոգեկան խնդիրներ ունենա. - «Մասնավորապես պնդել է, թե իրեն ծրագրավորել են, և ինքը փորձում էր ճշտել, թե իրեն ով է ծրագրավորել և ինչ նպատակով: Համենայն դեպս նման պատասխան է հնչել իր կողմից»։

«Ազատության» հարցին՝ իսկ ինչո՞ւ է ցանկացել հենց Սեդրակ Քոչարյանին տեսնել, փաստաբանն արձագանքեց. - «Որևէ հստակ պատասխան չի տրվել, բնականաբար նման հարց տրվել է իրեն, բայց որևէ հստակ պատասխան չի հնչել»:

Աղաջանյանն ասում է՝ հնարավոր է մոտ ապագայում Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվի. - «Երբ նշանակվի համապատասխան փորձաքննություն, տեսնենք՝ ինչ եզրակացություն են տալիս, նոր դրանից հետո արդեն կորոշենք՝ որքանով լուրջ պետք է վերաբերվենք այս ցուցմունքին, որքանով առհասարակ են Արթուր Թորոսյանի պատմած ցուցմունքները»:

Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով։ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին տեղեկությունը:

«Ցուցմունքներում մատնանշված հանգամանքների վերաբերյալ կոմիտեն չի կարող ասել, թե ցուցմունքներում կոնկրետ ինչ հանգամանքների մասին է նշել, որովհետև դա նախաքննական գաղտնիք է, ինչ վերաբերում է անձի հոգեկան առողջությանը, եթե ցուցմունքներում մատնանշված հանգամանքները հանդիսանան այնպիսին, որ անհրաժեշտություն առաջանա դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու, կնշանակվի», - փոխանցեց Նաիրա Հարությունյանը:

Արթուր Թորոսյանը 2017-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերն աշխատել է անվտանգության ծառայություններ մատուցող «Բերկուտ» ընկերությունում որպես պահնորդ։ Աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։ Պահնորդի որակավորում ստանալու համար էլ քննություն է հանձնել ոստիկանությունում։

Ընկերության տնօրենն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե 32-ամյա Թորոսյանը քննություն հանձնելուց առաջ նարկոդիսպանսերից ու հոգեբուժարանից տեղեկանք է ներկայացրել, որ հաշվառված չէ։

XS
SM
MD
LG