Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի պաշտոնյան խոստանում է, որ մինչև տարեվերջ վտանգավոր փողոցներում լուսացույցներ կտեղադրվեն


Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյան

Երևանի թիվ 52 դպրոցի մոտ թեև հետիոտն անցման գծանշումներ կան, սակայն աշակերտների, տեղի բնակիչների համար փողոց անցնելը մեծ փորձություն է դարձել։ Ծնողներն ասում են, որ ամեն օր վախով են երեխաներին դպրոց ճանապարհում։

Օրեր առաջ հենց այս նույն փողոցում ողբերգական վրաերթի հետևանքով մահացավ 10-ամյա մի աղջնակ:

Խնդիրը բարձրաձայնող ծնողներն այսօր վաղ առավոտյան հանդիպեցին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Պահանջեցին լուսացույց տեղադրել:

«Բոլորս մամաներ ենք, բոլորս էրեխեք ունենք։ էդ էրեխան մեր աչքի առաջ ա մահացել ու մեկը ես, թույլ չեմ տա, էստեղով մի ավտո անցնի... Մի հատ լուսացույց դրեք էս երեխեքի համար», - ասաց ծնողներից մեկը։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանն տեղեկացրեց, որ 2019-ի դեկտեմբերին քաղաքապետարանը լուսացույցերի տեղադրման նախագծման մրցույթ է հայտարարել և մինչև տարեվերջ 26 վտանգավոր փողոցներում լուսացույցեր կտեղադրվեն, այդ թվում՝ թիվ 52 դպրոցի տարածքում։

«Մենք որ ասում ենք մինչև տարեվերջ, դա չի նշանակում տարեվերջ է լինելու։ Մենք ուղղակի ամեն ինչ հաշվի առած ենք ասում, որ դուք վաղը չասեք՝ էկան ասեցին ու գնացին, սուտ խոսեցին։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այսպես ասած մի ոտ շուտ էստեղ ունենանք լուսացույց։ Եվ ոչ միայն էստեղ»։

Ծնողներն առաջարկում են, որ մինչ այդ ոստիկանությունը պատշաճ վերահսկողություն իրականացնի:

«Մեր երեխաների կյանքը շատ ավելի թանկ է, քան թե այդ մրցույթները։ Դա մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որ առաջին հերթին լուսացույցները բերեք տեղադրեք, ապահով անցնենք»։

Փողոց անցնելը վտանգավոր է դարձել նաև նույն վարչական շրջանում գտնվող թիվ 158 դպրոց հաճախողների համար։

«Ես 158 դպրոցում եմ աշխատում, արդեն 30 տարի է էստեղ եմ, և այս վերջին տարիներին բավականին վատ է երթևեկությունը։ Երեխաները պետք է ճանապարհն անցնեն դեպի դպրոց, բայց մեքենաները չեն կանգնում։ Եվամեն անգամ ես ինքնս ձեռքերս վերև եմ բարձրացնում, որպեսզի մեքենաները կանգնեն», - ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ քաղաքապետարանի հետ համատեղ կփորձեն խնդրին լուծում տալ. - «Մենք նենց լուծումներ կտանք, որ նման դեպքեր էլ չլինեն»։

Նշենք, որ 2019-ի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի և 2018-ի համեմատ աճել է: Իսկ վթարների հետևանքով 2017-ին մահացել է 279 մարդ, 2018-ին՝ 343-ը, իսկ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը՝ 335 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG