Մոսկվայում 5 նախկին ոստիկան է ձերբակալվել լրագրող Իվան Գոլունովի գործով: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ նախատեսում է նրանց մեղադրանք առաջադրել անօրինական ձևով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու համար:
Ձերբակալված ոստիկանները անցած տարի լրագրողին բերման ենթարկած ոստիկաններն են ու նրանց նախկին պետը:
Ըստ վերաբացված հետաքննության, 2019-ի հունիսին նրանք թմրանյութ էին տեղադրել Գոլունովի ուսապարկում, նրան ձերբակալելու և կեղծ մեղադրանք առաջադրելու նպատակով:
«Մեդուզա» լրատվամիջոցի 37-ամյա լրագրող Իվան Գոլունովը կալանավորվել էր, բայց հանրային բողոքի լայն արձագանքի հետևանքով նա ազատ էր արձակվել, իսկ նրա դեմ գործը կարճվել էր: Գոլունովը պնդում է, որ իր դեմ «թմրանյութի» գործը սարքվել էր լրագրողական հակակոռուպցիոն հետաքննությունների համար: