Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։ Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ»։
Փաշինյանը նշել է, որ մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։
«Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս», - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում. «Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար»։
«Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից», - ասել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։
«Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։