Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը պնդում է՝ Արամ Օրբելյանին ՍԴ-ում երբևէ չի տեսել


ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյան, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պնդում է՝ ինքը երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանին ՍԴ-ում երբևէ չի տեսել:

Երեկ «Ազատության» եթերում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ Օրբելյանը բազմիցս այցելել է իր կնքահայր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և այդ այցերը գրանցամատյանում չեն արձանագրվել:

Էդգար Ղազարյանն ասում է՝ Ալեն Սիմոնյանը պետք է փաստարկի իր պնդումները, հակառակ դեպքում դրանք կորակվեն որպես մերկապարանոց հայտարարություններ։

«Պարոն Օրբելյանին Սահմանադրական դատարանում ես երբևէ չեմ տեսել», - ասաց Էդգար Ղազարյանը։

«Ազատության» հարցին՝ երբ ինչ-որ մեկը մուտք է գործում Սահմանադրական դատարան դա մատյաններում արձանագրվո՞ւմ է, ՍԴ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Այո, մենք կարգ ունենք հստակ, դա իրականացնում է ոստիկանությունը։ Ոստիկանությունն իրականացնում է մեր շենքի պահպանությունը և այդ բոլոր տիպի հսկողությունը շենքի, մուտքը, ելքը իրականացնում է ոստիկանությունը»։

Ինքը՝ Արամ Օրբելյանը, չցանկացավ մեկնաբանել Ազգային ժողովի փոխնախագահի հայտարարությունը, ասաց՝ ինքն ավելի վաղ հենց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման եթերում է անդրադարձել այս հարցին և լրացուցիչ պարզաբանման կարիք չի տեսնում:

2019 թվականի հունիսին Օրբելյանը չէր հերքել՝ այո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկ են, ժամանակին ինքը, այո, այցեր ունեցել է ՍԴ, բայց Քոչարյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո խուսափել է նման այցերից՝ շահարկումների տեղիք չտալու համար:

«Բավականին երկար ժամանակ չեմ այցելել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարան այցելել ասելը ընդհանրապես, այսինքն որպես այդպիսին չեմ այցելել, երբ որ ինչ-որ վարույթի հետ կապված խնդիր կար։ Պարոն Թովմասյանն իմ քավորն է, կնքահայրն է դրա մասին բոլորը գիտեն, այսինքն՝ մինչև էդ մի քանի անգամ նրան ուղղակի տեսնելու առումով եղել եմ, իրեն հարմար եղել է աշխատանքի տեղը, հարմար լիներ ուրիշ տեղ, ուրիշ տեղ կտեսնեի, ուղղակի տենց մտել եմ՝ «ինչպե՞ս եք, ի՞նչ կա-չկա ու գնացել եմ»։ Երբ որ գործը որևէ վարույթ ունենալու բան ուներ, խնդիր կար, որ սահմանադրականության հարց կար, դեռևս դիմումի մասին նույնիսկ զրույց չէր գնում, դրանից հետո բավականին երկար ժամանակ հնարավորինս մինիմալացրել եմ շփումը», - ասել է Օրբելյանը։

«Ազատությունը» հարցում է ուղարկել ոստիկանություն վերջին մեկ տարվա ՍԴ դատարան կատարված այցերի արձանագրությունները ստանալու համար: Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե վերջին շրջանում Հրայր Թովմասյանը կասկածելի այցեր է իրականացրել արտասահման, աշխատակազմից պնդեցին, բոլոր պաշտոնական այցերը տեղադրված են Սահմանադրական դատարանի կայքում:

«Վերջին գործուղումը եղել է Լատվիայի Հանրապետություն, մինչ այդ պարոն Թովմասյանը եղել է Սանկտ Պետերբուրգում, կազմակերպած միջազգային գիտաժողովին է մասնակցել։ Պաշտոնական այցերի մասին ոչինչ չեմ կարող ասել, եթե դրանք անձնական բնույթի են», - ասացին աշխատակազմից։

Ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, Հրայր Թովմասյանը արտասահմանյան 7֊8 այցեր է ունեցել, որից միայն երկուսն է պաշտոնապես արձանագրված որպես գործուղում: Մյուս այցերից մանրամասներ Սիմոնյանը չի փոխանցում, բայց կարծում է, Սահմանադրական դատարանի նախագահը այս մասով պետք է պարզաբանումներ տա: Ըստ վարչապետ Փաշինյանի ևս, ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս հացերով ու պարզի՝ կան արդյոք այստեղ ազգային անվտանգության խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG