Մատչելիության հղումներ

Զեկույց. Չինաստանն անցել է ՌԴ-ին զենքի արտադրության հարցում


Չինական ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի «Յի Լոնգ» անօդաչու թռչող սարքը ցուցադրվում է Չինաստանի 9-րդ միջազգային ավիացիոն և օդատիեզերական ցուցահանդեսի ընթացքում, արխիվ
Չինական ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի «Յի Լոնգ» անօդաչու թռչող սարքը ցուցադրվում է Չինաստանի 9-րդ միջազգային ավիացիոն և օդատիեզերական ցուցահանդեսի ընթացքում, արխիվ

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Չինաստանն անցել է Ռուսաստանին զենքի արտադրության հարցում և այսօր զիջում է միայն Միացյալ Նահանգներին:

Զեկույցի հեղինակներն այս կամ այն երկրի ռազմարդյունաբերական համալիրը գնահատում են՝ հիմնվելով այդ երկրի խոշոր ընկերությունների ֆինանսական արդյունքների, զենքի վաճառքի տվյալների վրա: Ուսումնասիրության մեջ ընդգրկված է 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածը: Ցուցակի առաջատարներն, իհարկե, ամերիկյան ընկերություններն են, չինական 3 ընկերություն, սակայն, ընդգրկվել է առաջին տասնյակում: Դրանք ռազմական օդանավեր, անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, զենք, ռազմական տեխնիկա և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող 3 ընկերություններն են:

20-յակի մեջ ընդգրկված է ևս մեկ չինական ընկերություն, որն արտադրում է ռազմական համալիրներ: Ընդ որում, հետազոտողները շեշտում են, որ չինական ռազմարդյունաբերական համալիրի մասին տեղեկությունը մեծամասամբ փակ է, գաղտնի, և իրականում չինական ռազմական արդյունաբերությունն ավելի հզոր է: Զեկույցի հեղինակները նշում են, որ Չինաստանում այսօր գործում է 10 խոշոր պաշտպանական կոորպորացիա, բայց ուսումնասիրությունը հաշվի է առել միայն չորսը, որոնց մասին կա ֆինանսական տեղեկատվություն:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Վասիլի Կաշինի խոսքով՝ ներկայացված գնահատականները շատ մոտ են Չինաստանի պաշտպանական արդյունաբերության իրական պատկերին. - «Մենք խոսում ենք ընդհանուր ռազմական արտադրության մասին, ոչ միայն արտահանման. պետք է հաշվի առնել, որ Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ռազմական բյուջեն՝ 177 միլիարդ դոլար», - ասում է Կաշինը:

Ռազմական հարցերով մեկ այլ փորձագետ՝ Իլյա Կրամնիկը BBC-ին ասել է, թե ոչ հեռու անցյալում Չինաստանը սպառազինության արտադրության հարցում զգալիորեն զիջում էր թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ռուսաստանին. - «Այսօր սակայն իրավիճակը փոխվել է: Ես կարծում եմ՝ առաջիկա տարիներին՝ 3, 5, առավելագույնը 10 տարի անց, Չինաստանը չհաշված միջուկային սուզանավերի և ռազմավարական միջուկային համալիրների արտադրությունը, կարող է վստահորեն վերցնել երկրորդ տեղը, իսկ որոշ դեպքերում նաև առաջինը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG