Մատչելիության հղումներ

Ֆրանսիան մերժում է Արևելյան գործընկերության ծրագրով ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը


Ֆրանսիան մերժել է առաջարկը, ըստ որի Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը, որի անդամ են նախկին Խորհրդային Միության վեց երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող է հանգեցնել Եվրամիության լիիրավ անդամակցության: Ավելին՝ «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են՝ Փարիզը պահանջում է, որ ծրագրի համար տրամադրվող գումարների կեսը ծախսվի բնապահպանական ծրագրերի համար:

Փաստաթղթերը Փարիզից Բրյուսել են ուղարկվել անցած տարվա հոկտեմբերին ու այս տարվա սկզբին Արևելյան գործընկերության ապագային նվիրված քննարկումների շրջանակում, որոնք նախաձեռնել էր Եվրոպական հանձնաժողովը մարտին հրապարակելիք զեկույցից առաջ: Ներկայացնելով սեփական տեսակետը՝ պաշտոնական Փարիզը գրել է՝ «պատասխանատվության մեր բաժինը պետք է լինի չխրախուսել մեր գործընկերների շրջանում այս համագործակցության նպատակների շուրջ պատրանքներն ու հավակնոտ ակնկալիքները»: «Այս ծրագիրը հիմնված է տնտեսական ու քաղաքական համագործակցության վրա, սակայն չի պարունակում ԵՄ համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները», - ընդգծել է պաշտոնական Փարիզը՝ հավելելով. - «Այս ծրագրի նպատակն է ամրապնդել մեր գործընկերների հանձնառությունը, հատկապես օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության արդիականացման ոլորտներում»:

Անանուն մնալու պայմանով Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է՝ Ֆրանսիան չի ուզում հարևանության այս ծրագրում որևէ քայլ անել, որը կարող է զայրացնել Ռուսաստանին»: Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնն ավելի վաղ կոչ էր արել սառեցնել Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունները՝ պնդելով, թե եվրոպական ընտանիքը նախ պետք է բարեփոխվի և մեծացնի արդյունավետությունը ներկայիս սահմաններում: Ամիսներ առաջ էլ Մակրոնը կոչ էր արել Եվրամիության գործընկերներին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, որի նկատմամբ կառույցը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմը բռնակցելու համար:

«Ապագայում ուրվագծվող «Բրեքզիթի» արդյունքում Ֆրանսիան դառնում է Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր դերակատարը, այնպես որ նրանք հիմա մեծ ազդեցություն ունեն այս ոլորտում», - «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով:

Ակնկալվում է, որ այս փաստաթղթերը լուրջ հիասթափություն կառաջացնեն նախ և առաջ Ուկրաինայում և Վրաստանում, որոնք ավելի վաղ ասոցացման համաձայնագրեր են կնքել Եվրամիության հետ ու հայտարարում են, թե իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում: Մերժելով Արևելյան գործընկերության ծրագրով Եվրամիության անդամակցություն տրամադրելու հեռանկարը՝ Փարիզը եվրոպացի գործընկերներին միաժամանակ առաջարկել է «կլիմայի պահպանման օրակարգ ստեղծել» այս ծրագրի անդամ հետխորհդային երկրների համար:

Հունվարին Բրյուսել ուղարկված փաստաթղթով, մասնավորապես, որը ևս հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, Ֆրանսիան առաջարկել է «Արևելյան գործընկերներին տրամադրվող ֆինանսական աջակցության 50 տոկոսն ուղղել կլիմայի ու բնապահպանության խնդիրներին՝ կենտրոնանալով այն ծրագրերի վրա, որոնց առանցքում կլինեն պայքարը օդի աղտոտվածության դեմ, կայուն զարագացումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների ստեղծումը»:

Մանրամասներ ներկայացնելով կուլիսային քննարկումներից՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը «Ազատությանն» ասել է՝ Փարիզի այս առաջարկն ամենայն հավանականությամբ կընդունվի, այդ նպատակների համար առաջարկվող 50 տոկոսը, սակայն, կարող է կրճատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG