Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հայտ է ներկայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ EASA՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտորները ինչպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, այնպես էլ ընկերությունում կատարել են ուսումնասիրություններ՝ հայտնաբերելով 15 խախտումներ, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ է ներկայացրել թռիչքային անվտանգության համար։ Այս արդյունքները 2019-ի հուլիսի 15-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել են Քաղավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, ըստ Դատախազության, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել Mulberry էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել, ասված է հաղորդագրությունում։

«Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի թռիչքները Եվրամիության տարածքում», - նշված է Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։

Պարզվել է նաև, շարունակում է Դատախազությունը, որ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով երկու տարին մեկ անգամ երկարաձգվել է ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը, որի ընթացքում ընկերությունում իրականացվել են համապատասխան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով։

Բացի այդ, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» «ՓԱՐՏ-Մ (PART-M)» կանոնակարգի կիրարկման շրջանակներում,սահմանված ստանդարտների, ընդունելի տարբերակների և ուղեցույց նյութերի համապատասխանությունը պարզելու և խնդիրները վերհանելու համար, յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ կոմիտեի կողմից ՍՊԸ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ:

«Համեմատական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2019թթ. տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության արձանագրած խախտումները, այլ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և պահանջներին: Արդյունքում ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով», - նշված է հաղորդագրությունում։

Այսինքն, եզրակացնում է Դատախազությունը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականներին պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։

Նշված փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության իրականացումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG